20/11/2025

Եվրահանձնաժողովը դադարեցրել է Իսրայելին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

Եվրոպական հանձնաժողովը դադարեցրել է Իսրայելին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ կապված Գազայի հատվածում ռազմական գործողության հետ:

Այս մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

ԵՀ հաղորդագրությունում ընդգծվում է, որ որոշումը վերաբերում է, մասնավորապես, 2025-2027 թվականների համար նախատեսված տարեկան հատկացումներին, ինչպես նաև Իսրայելի հետ ինստիտուցիոնալ համագործակցության ընթացիկ նախագծերին ու ԵՄ-Իսրայել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի շրջանակներում ֆինանսավորվող ծրագրերին։

Բրյուսելում հստակեցրել են, որ Եվրամիությունը Իսրայելին ֆինանսական աջակցություն է տրամադրում հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության «Գլոբալ Եվրոպա» գործիքի շրջանակներում՝ միության 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի մասով։ Ըստ այդմ, Իսրայելը 2025-2027 թվականներին տարեկան պետք է ստանար միջինում 6 միլիոն եվրո։

Միաժամանակ, ԵՄ-ն կդադարեցնի ինստիտուցիոնալ համագործակցության նախագծերի իրականացումը, ներառյալ գործընկերային ծրագրերը և ԵՄ-Իսրայել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերը, որոնք գնահատվում են շուրջ 14 միլիոն եվրո։

Արգելքը չի առնչվում միայն քաղաքացիական հասարակությանը և «Յադ Վաշեմ» հիշատակի կազմակերպությանը հատկացվող աջակցությանը:

Համապատասխան առաջարկը ներկայացվել է Իսրայելի կողմից ասոցացման համաձայնագրի 2-րդ հոդվածի պահպանման ստուգումից հետո: Պարզվել է, որ Իսրայելի կառավարության գործողությունները մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների հարգման վերաբերյալ հիմնարար դրույթների խախտում են»։

Ըստ Եվրահանձնաժողովի՝ դա ԵՄ-ին իրավունք է տալիս միակողմանիորեն կասեցնել համաձայնագիրը։