08/11/2025

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մարտի 1»-ի զոհերի գործով վճիռը. Փաշինյանի պատասխանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ «Մարտի 1»-ի զոհերի գործով վճիռը:

Դատարանն արձանագրել է Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։

Ըստ դատարանի միաձայն վճռի՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։

Արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Արձանագրվել է Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ համագործակցել դատարանի հետ։

Յուրաքանչյուր դիմումի շրջանակում զոհվածների հարազատներին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Դատարանը նաև որոշել է դիմումատուներին ընդհանուր հատկացնել ևս 35 հազար եվրո՝ դատական ծախսերի և վճարների համար։

ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և չեն ապահովել արդարացի քննություն՝ պարտավորեցնելով պետությանը՝ ֆինանսական փոխհատուցում վճարել տուժած ընտանիքներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այս որոշմանը, ասել է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ակնհայտը, որովհետև ես նախկինում էլ ասել եմ, որ, ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է: Այդ բացահայտման արդյունքները, իմիջիայլոց, այսօր քննարկվում են դատարանում:

Այլ բան է, որ ես կարծում եմ, հույս ունեմ, որ ՄԻԵԴ վճիռը նոր խթան և նոր ազդակ կլինի մեր իրավապահների համար, որպեսզի նրանք ի վերջո գտնեն ձևը նախ արդյունավետ դատավարության, նաև ապահովելու համար, որ Մարտի 1-ի ոճրագործներից որևէ մեկը ոչ թե ձևական, այլ իրական պատասխանատվությունից չխուսափի:

Կարծում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կամ վճիռը լեգիտիմ առիթ է, որ մենք մի հատ էլ նայենք․ լավ, ինչքա՞ն կարող է ձգվել այս ամեն ինչը, ինչքա՞ն կարող է այդ դատավարությունը շարունակվել լղոզված պատասխաններով:

Էլի եմ ասում, որ Մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտված է, այդ քրեական հատորներում ամեն ինչի մասին ասված է»,- ասաց նա: