28/09/2025

«Շողակաթ»-ը լուսաբանում է եկեղեցական կյանք, քաղաքական պրոցեսների մասին հաղորդումներ չեն եղել եւ հիմա էլ չկան

Անցած տարվա աշնանը իշխանությունները եւ իշխանական արբանյակները որոշել էին քննարկել «Շողակաթ» հեռուստաընկերությանն ուղղված ֆինանսական միջոցները կրճատելու հարցը:

Քանի որ «Շողակաթ»-ը նույնպես հանրային հեռուստաալիք է, ՔՊ-ական Արսեն Թորոսյանն առաջարկում էր փակել հոգեւոր-մշակութային հեռուստաալիքը եւ դրան ուղղված 206 մլն դրամն ուղղել Փաշինյանի անձնական քարոզչամիջոցը դարձած Հ1-ին: Որոշ ՔՊ-ականներ էլ կարծում էին, որ Հանրային ռադիոյի վիճակն այնքան էլ լավ չէ, եւ կարելի է այդ 206 մլն-ն տալ Արմեն Քոլոյանին: Այս աղմուկից անցել է գրեթե մեկ տարի, ՔՊ-ական իշխանությանը հաջողվե՞ց «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ պայքարում հաջողություններ արձանագրել, թե՞ ոչ:

«Հրապարակը» զրուցել է հեռուստաընկերության հոգեւոր-մշակութային հաղորդաշարերի տնօրեն Աննա Սարգսյանի հետ:

– Այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ են կատարվել «Շողակաթում», կարողացե՞լ են նվազեցնել ձեր ֆինանսական միջոցները: Գաղտնիք չէ, որ որոշ իշխանավորներ կրոնական թեմաները, Աստծուն եւ հոգեւորն ատում են:

– Որեւէ գործնական փոփոխություն տեղի չի ունեցել: Մենք մեր աշխատանքը շարունակում ենք` նույն պայմանագրի շրջանակում, որն ունեցել ենք միշտ: Ոչինչ չի փոխվել մեր աշխատանքում:

– «Շողակաթի» եթերից Բագրատ սրբազանի մասին էր խոսվել, եւ կարծես հենց դա էր ՔՊ-ական «դեմոկրատներին» զայրացրել: Նրանց քմահաճույքներն ունեցա՞ն ազդեցություն հեռուստաընկերության աշխատանքի վրա, թե՞ ոչ:

– Միտինգներ եւ քաղաքական պրոցեսներ «Շողակաթ»-ը երբեք չի լուսաբանել: Այժմ էլ չի լուսաբանում: «Շողակաթ»-ը լուսաբանում է եկեղեցական կյանք, տեղեկատվական հաղորդումներ, սակայն քաղաքական պրոցեսների մասին հաղորդումներ չեն եղել եւ հիմա էլ չկան:

– Բագրատ սրբազանի շարժմանը եղել էր անդրադարձ, ինչն էլ իշխանավորներին բարկացրել էր….

– Այո, եղել է «Եկեղեցական կյանք» տեղեկատվական հաղորդման շրջանակում: Դրան անդրադարձել էր նաեւ Գերագույն հոգեւոր խորհուրդը եւ այլն: Մայր Աթոռի պաշտոնական հաղորդագրությունները տեղ են գտնում մեր տեղեկատվական հաղորդաշարում: Տեղ է գտել նաեւ այն տեղեկությունը, որը Բագրատ սրբազանի շարժման մասին էր: Մենք մեր գործունեության մեջ կողմնորոշվում ենք լրագրողական էթիկայի, ինչպես նաեւ որպես հանրային հեռարձակող համապատասխան պարտավորությունների շրջանակում:

– Այնուամենայնիվ, իրավիճակ է փոխվել: Լարվել են եկեղեցի-իշխանություն հարաբերությունները: Դուք այս թեմաներին չե՞ք անդրադառնում` որեւէ ձեւաչափով: Ի վերջո, իշխանությունն անգամ Վեհարանն է ցանկանում գրավել…

– «Շողակաթ» հեռուստածրագիրը եւ հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաալիքը կրթական-մշակութային ուղղվածությամբ հեռուստաալիք է: Մենք հանրության առջեւ ունենք պարտավորություն՝ մնալ մեր առաքելությանը հավատարիմ: Հանրությանը պետք է մատուցենք հոգեւոր, մշակութային եւ կրթական հաղորդումներ, գիտելիք փոխանցել եւ այլն: Ինչ էլ որ տեղի ունենա, ինչ ակնկալիքներ էլ որ մեզնից ունենան, մենք առաջին հերթին հավատարիմ պետք է մնանք մեր առաքելությանն ու ստանձնած պարտավորություններին:

«Հրապարակ»․ «Շողակաթը» եկեղեցի-իշխանություն վեճին չի անդրադառնում