27/09/2025

Սահմանների բացմանը պատրաստ ենք հենց այսօր․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի բացման ընթացքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին։

Նրա խոսքով՝ այսօր առկա է պատմական հնարավորություն՝ վերջ տալու անցյալի հակամարտություններին և կառուցելու խաղաղ ու բարիդրացիական ապագա․

«Մեր պարտքն է չկորցնել այս հնարավորությունը և այն վերածել կայունության ու զարգացման իրականության»,– նշել է Ռուբինյանը։

Անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին՝ փոխխոսնակը նշել է, որ դրանք կարևորում են հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը։ Նա նաև առանձնացրել է հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում նախատեսված «Թրամփի ուղի» նախագիծը, որը իրագործվելու է Հայաստանի տարածքում․ ըստ նրա՝ այս նախաձեռնությունը ենթակառուցվածքային ծրագրից ավելի լայն նշանակություն ունի և կարող է դառնալ վստահության ու համագործակցության կամուրջ ամբողջ տարածաշրջանի համար։

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Ռուբինյանը ընդգծել է, որ այն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է․

«Հարաբերությունների կարգավորումը կբերի ոչ միայն կայունություն ու բարօրություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը։ Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը հենց այսօր»,– ասել է նա՝ հույս հայտնելով, որ Թուրքիան կարձագանքի Հայաստանի պատրաստակամությանը։