20/11/2025

Լոնդոնում Թրամփին «հեղափոխել են». Կալասը կանխատեսել է, որ ուկրաինական պատերազմը «կշարունակիվի ևս մեկ-երկու տարի»

Վլադիմիր Պուտինը պահպանում է Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորմամբ հետաքրքրվածությունը, բաց է դրա համար և ապավինում է ԱՄՆ հետ այդ տրեկում աշխատանքի շարունակմանը:

Այս մասին Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է Ռուսաստանի պետական հեռուստատեսության լրագրող Պավել Զարուբինին:

Պեսկովն, ընդսմին, չի բացառել, որ Մեծ Բրիտանիայում Դոնալդ Թրամփին «պատմել են այսուհետ ևս Ռուսաստանի դեմ ճնշում գործադրելու և պատժամիջոցների խստացման ուղին ընտրելու մասին»,- և ամփոփել, որ «դա կարգավորմանը չի օգնի»:

Մեծ Բրիտանիա ԱՄՆ նախագահի երկրորդ պետական այցի կարևորությունը վերլուծաբանների մեծ մասը համարում է ոչ թե վարչապետ Սթարմերի, այլ Միացյալ թագավորության միապետ Կառլ Երրորդի հետ բանակցությունը: Արևմտյան մամուլը հատկապես ընդգծում է Կառլ Երրորդի այն միտքը, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չպետք է թույլ տան դեմոկրատական ինստիտուտների թուլացումը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը «փաստահավաք լրագրող» չէ: Երբ նա չի բացառում, որ Լոնդոնում Թրամփին «պատմել են» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ճանապարհն ընտրելու մասին, պետք է հաստական, որ Մոսկվայում Կառլ Երրորդ-Թրամփ բանակցություններից անհանգստացած են:

Վաշինգտոնի և Լոնդոնի քաղաքակրթական-արժեհամակարգային ժառանգորդությունը ոչ ոքի համար գաղտնիք չէ, և Արևմուտք ասելիս շատ հաճախ նկատի է առնվում հենց այդ իրողությունը:

Ըստ երևույթին, Միացյալ թագավորության գահակալ Կառլ Երրորդին հաջողվել է ԱՄՆ նախագահին, ինչպես արևմտյան լրագրողներից մեկն է ձևակերպել՝ որոշակիորեն «կտրել ռուսական ծծակից»:

Այդ մասին անուղղակի վկայում է Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց Քելոգի The Telegraph-ին հարցազրույցը, որտեղ նա Վլադիմիր Պուտինի հասցեին թույլ է տվել ոչ միայն քաղաքական, այլև անձնական բնույթի խիստ կոշտ որակումներ:

Քելոգն, ի մասնավորի, ասել է, որ Պուտինը «եղել և մնացել է կգբ-ական»: Ըստ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի՝ Ռուսաստանի նախագահը «ցույց է տալիս, թե անգլերեն չգիտի, բայց մի քանի անգամ նրա այդ կեղծիքը բացահայտվել է»: Քելոգն ամփոփել է, որ Պուտինին կարող է կանգնցեն մի «ուժը, հաստատակամ իշխանությունը և միջազգային հզորությունը»:

Ի վերջո նա ոչ ուղղակի, բայց բավական թափանցիկ բացահայտել է, որ Թրամփը Զելենսկուն «չի պարտադրի Ղիմը և Դոնբասը ճանաչել ռուսաստանապատկան»: Քելոգը համարում է, որ Ուկրաինան «պետք է ունենա տարածքների վերադարձի երկարաժամկետ ծրագրավորում»:

Կարելի է հասկանալ, որ Լոնդոնում Թրամփին «հեղափոխել են», որպեսզի վերադառնա կարգավորման իր սկզբնապայմանին՝ զորքերի շփման գծով հրադադար, մյուս հարցերի շուրջ՝ երկարաձգված բանակցություններ:

Մոսկվայի համար այդ պայմանն անընդունելի է: Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կալասը կանխատեսել է, որ ուկրաինական պատերազմը «կշարունակիվի ևս մեկ-երկու տարի»: