28/09/2025

ՔՊ-ում անակընկալի են եկել, վարչության կեսից ավելին լեգիտիմ չեն, ինչ որոշում կկայացնի Փաշինյանը

Երեկ մենք գրել էինք, որ «Քաղպայմանագրի» շաբաթ օրվա համագումարի ընթացքում վարչության ընտրությունները չեն ընթացել օրենքի պահանջին համաձայն, ուստի նոր վարչությունը լեգիտիմ չէ, եւ եթե արդարադատության նախարարությունն առաջնորդվի օրենքով, ապա պարտավոր է չգրանցել նորընտիր վարչության 8 եւ Վերահսկող մարմնի 6 անդամի լիազորությունները, քանի որ նրանք օրենքով պահանջվող քվեների շեմը չեն ստացել։

Հրապարակ թերթը գրել է․ Բանն այն է, որ ՔՊ-ի կողմից հիմնովին խմբագրված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է կուսակցության համագումարում որոշումների ընդունման կարգը:

Ըստ այդ կարգի, վարչության անդամ կարող են ընտրվել համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը ստացած անձինք։ «Կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումներն ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Կուսակցության կանոնադրության 36-րդ կետում եւս նույնն է ասվում։

Այսինքն, ՔՊ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ վարչության անդամ կարող էին դառնալ 458-ից ավելի ձայն ստացած կուսակցականները։ ՔՊ համագումարում հաստատված վարչության 20 հոգանոց կազմում 12 հոգի է հաղթահարել այս շեմը` Ալխաս Ղազարյանը վերջինն է՝ 513 ձայնով: Նրան հաջորդող Արուսյակ Ջուլհակյանը 439 ձայն է հավաքել, մյուսները՝ ավելի քիչ. Վիլեն Գաբրիելյան, Հասմիկ Հակոբյան, Գնել Սանոսյան, Տիգրան Ավինյան, Արմեն Խաչատրյան, Նազելի Բաղդասարյան, Արուսյակ Մանավազյան, ինչը նշանակում է, որ, համաձայն սահմանադրական օրենքի, նրանք չեն ընտրվել ՔՊ վարչության անդամ, ուստի արդարադատության նախարարությունը չի կարող նրանց գրանցել։

Ընդ որում՝ ՔՊ-ն չի կարող շարունակել վարչության աշխատանքները 12 հոգով, քանի որ համագումարն ընդունել է որոշում, որ վարչությունը պետք է բաղկացած լինի 20 հոգուց, իսկ Վերահսկող մարմինը՝ 7։ Ի դեպ, Վերահսկող մարմնում էլ միայն Լեւոնյան Լեւոնն է օրենքով ընտրված համարվում։ Մեր հրապարակման վերաբերյալ ՔՊ-ն երեկ քար լռություն պահպանեց, խոշորացույցով մամուլին հետեւող եւ կայծակնային արագությամբ արձագանքող ու ամեն տառի վրիպակը «բացահայտող» իշխանական հատուկ ջոկատայինները երեկ ընդհատակ էին անցել։

Մեր տեղեկություններով՝ մեր հրապարակումը երեկ ողջ օրը քննարկել են խմբակցության տարբեր օղակներում, սակայն սպասում են «շեֆի» հրահանգին՝ ինչպես դուրս գալ հերթական խայտառակության տակից։ Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին Գյուլնազ տատի հեքիաթներով կփորձեն համոզել, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի տառին ու ոգուն համապատասխան, եւ որ մենք սխալ ենք մեկնաբանում սեւով սպիտակի վրա գրված պարզ շարադրանքը, որն իրենց իսկ ընդունած սահմանադրական օրենքի դրույթներից է։ Վարչության նորընտիր անդամ, ամենաշատ ձայներ ստացած Ալխաս Ղազարյանը մեզ հետ զրույցում խոստովանեց՝ տեսել է հրապարակումը, բայց չի խորացել մանրամասների մեջ, ուստի չի կարող ասել, թե ինչ է սպասվում նոր վարչությանը։ «Ես տեսել եմ, բայց չեմ ուսումնասիրել, պետք է օրենքը նայեմ․․․ Կուսակցությունների մասին օրենքը կա, Կանոնադրությունը կա, պետք է նայեմ, որ կարողանամ սպառիչ պատասխաններ տալ»,- ասաց նա:

Ղազարյանը, ի դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, այսպես կոչված՝ օրինաստեղծ հանձնաժողովի։ Հարցրինք՝ արդյոք վարչության նոր կազմի համար դիմե՞լ են արդարադատության նախարարությանը, եւ ի՞նչ ժամկետներում այն պետք է հաստատվի։ Ղազարյանը կրկին պատասխանեց, որ ծանոթ չէ ընթացակարգերին։

ՔՊ Վերահսկող մարմնի անդամ Հայկ Ցիրունյանն էլ փորձեց հերքել, թե իրենց Կանոնադրությունում նման պահանջ են ամրագրել։ «Մեր կուսակցական կանոնադրության մեջ չկա նման նշում, եւ հետո՝ դա ի՜նչ տրամաբանություն է, ուզում եք ասել, որ ամեն թեկնածու պատվիրակների կեսից շատ ձա՞յն պետք է հավաքի, դա տրամաբանական չէ»,- զարմացավ ՔՊ-ական պատգամավորը: Հիշեցրինք, որ դա մենք չենք ասում, այլ իրենց գրած օրենքն ու Կանոնադրությունը։ «Պարադոքս եք ասում, հասկանո՞ւմ եք, այդ ինչ կոնկուրենցիա եք հայտարարում, որ ամեն մեկը պիտի մոտ հինգ հարյուրից ավել ձայն հավաքի, եթե ընդունենք, որ 990 պատվիրակ կա։ Դա անհնար բան եք ասում, չկա նման օրենք, մեր Կանոնադրության մեջ էլ չկա ու չի կարող լինել»: Երբ շարունակեցինք պնդել եւ մեջբերեցինք օրենքի դրույթը, պատգամավորն արդարացավ․ «Ճիշտն ասած, ես «Կուսակցությունների մասին» օրենքին չեմ մասնակցել, խորապես տեղյակ չեմ, բայց տրամաբանորեն հասկանում եմ եւ վստահեցնում, որ մեր ընտրությունները շատ արդար եւ շատ գեղեցիկ են անցել»:

Այնուամենայնիվ, օրենքի պահանջը չի կատարվել, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ «Ես չեմ կարծում, որ օրենքի պահանջ է խախտվել, բայց եթե էդպիսի բան է եղել, ուրեմն «Քաղաքացիական պայմանագիրը» դրա պատասխանը կտա, ես չեմ դրա պատասխանատուն, հազար ներողություն»։

Վարչապետի նախկին խորհրդական, ՔՊ խմբակցության անդամ Ալեքսանդր Ավետիսյանն էլ ասաց, որ տեղյակ չէր օրենքի այդ դրույթից եւ իմացել է մամուլից, բայցեւ հույս հայտնեց, որ օրենքն այլ բան էլ է գուցե սահմանում, իրավաբանները կքննարկեն հարցը, ինքը չի կարող ոչինչ ասել։