27/09/2025

Թրամփին չհակադրվելու՝ Թուրքիայի նախագահի կեցվածքը, նշմարային է նաև Հարավային Կովկասի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է պաղեստինյան տարածքների նկատմամբ Իսրայելի իրավազորությունը ճանաչելու տարբերակը: Այդ մասին գրել է բրիտանականThe Guardian-ը՝ հղում անելով կառավարական անանուն աղբյուրներին:

Պարբերականը կարծիք էր հայտնել, որ այդ որոշման մասին ԱՄՆ նախագահը կհայտարարի սեպտեմբերի 23-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ելույթում, ինչը խիստ կբարդացնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը «երկու պետությունների համակեցության» սկզբունքով:

Իսրայելական աղբյուրները հատվածներ են փոխանցում ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ԱՄՆ նախագահի ելույթից: Դոնալդ Թրամփը Հորդանանի արևմտյան ափի տարածքների կամ Գազայի նկատմամբ իսրայելական իրավազորության ճանաչման մասին ոչինչ ուղղակի չի ասել:

Նա, սակայն, խստորեն քննադատել է Պաղեստինի անկախությունը ճանաչած երկրներին: ԱՄՆ նախագահի ձևակերպմամբ՝ դա նվեր է ահաբեկչական ՀԱՄԱՍ-ին: Թրամփը միջազգային ընկերակցությանը կոչ է արել ամեն ինչ անել՝ դադարեցնելու Գազայի պատերազմը»,-իսկ ՀԱՄԱՍ-ից պահանջել է «պատանդներին անհապաղ ազատ արձակել»:

Պաղեստինի անկախությունը ճանաչել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ինչպես նաև եվրոպական այլ երկրներ: Իսրայելի թե կառավարությունը, թե ընդդիմությունը կտրկանապես մերժում են «հրեական տարածքների սրտում ահաբեկչական պետություն ստեղծելու» ծրագիրը:

Նախագահության առաջին շրջանում Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, ինչպես նաեւ Գոլանի բարձունքների նկատմամբ իսրայելական իրավազորությունը:

Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Աչքի է զարնում նրա հռետորաբանության փոփոխությունը: Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից Իսրայելին չի անվանել «ցեղասպան», իսկ Նաթանհահուին՝ «ավազակապետության ղեկավար»:

Նա միայն վկայակոչել է ՄԱԿ-ի ԱԽ 1947թ. բանաձեւը, որը պետություն ստեղծելու իրավունք է վերապահում թե հրեաներին, թե պաղեստինցի արաբներին:

Ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տանն ընդունելության սպասող Էրդողանը խուսափել է նրան նյարդայնացնելուց: ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Առայժմ հայտնի չէ՝ նախատեսվա՞ծ է, արդյոք, նրա ելույթը: Հավանական է՝ Ալիևը Նյու Յորք է մեկնել, որպեսզի «առաջին ձեռքից» տեղեկանա, թե Մերձավոր Արևելքում ինչ զարգացումներ են սպասվում կամ կարող են տեղի ունենալ:

Այս առումով Թրամփին չհակադրվելու՝ Թուրքիայի նախագահի կեցվածքը, գուցե, նշմարային է նաև Հարավային Կովկասի համար: