27/09/2025

Խստորեն դատապարտում եմ Մերձավանում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են համայնքի ղեկավարը և ընկերը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:

«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը և նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ցավակցում եմ սպանվածների հարազատներին և Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։

Նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։

Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»,- գրել է Փաշինյանը։