Ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովը, որը Երեւանում մասնակցում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին, զրուցել է լրագրողների հետ եւ հայտարարել՝ «Հայաստանի Անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», ուստի Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը:
Նրա խոսքով՝ Բաքվի համար կարեւոր է, որ այդ պահանջները վերացվեն, եւ միայն դրանից հետո խաղաղություն կհաստատվի։ Ըստ Թոփչուբաշովի կենտրոնի հիմնադիրի՝ դա Ադրբեջանի համար խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման միակ խոչընդոտն է։ «Այս պահանջը (տարածքային) ստեղծում է հնարավոր իրավական հիմքեր, ասենք, խաղաղության պայմանագիրը վերանայելու համար»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետը։
Լրագրողներից մեկն առարկել է, թե Ադրբեջանի մայր օրենքն էլ է տարածքային պահանջներ պարունակում` ուղղված Հայաստանին, Մուրադովը հակադարձել է՝ նշելով, թե դրանում չկան «կոնկրետ սահմաններ»։ «Այսինքն, այս պահանջը, որն իսկապես ունի Ադրբեջանի սահմանադրությունը, չի ներկայացնում որեւէ, ասենք, տարածքային հավակնություն, այլ պատմական ժառանգության խորհրդանշական կետ է»։ Իսկ Արեւմտյան Ադրբեջան ասելով իրենք հասկանում են, որ Հայաստանի տարածքում ապրած ադրբեջանցիները պետք է հնարավորություն ունենան այցելել Հայաստան, լինել իրենց նախնիների գերեզմաններին եւ այլն:
Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ:
– Օրերս Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը թեւակոխում է չորրորդ հանրապետության շրջան, որ երրորդ հանրապետությունն այլեւս անցյալում է` մենք հիմա չորրորդ հանրապետությունն ենք կառուցում: Ի՞նչ ասել է չորրորդ հանրապետություն:
– Այդ հայտարարությունը ոչ միայն սխալ է ու ոչ տեղին, այլեւ դավադրություն է, ինչու, որովհետեւ ԽՍՀՄ տարածքը մարդիկ համարում էին պետություն, դա անգրագիտություն է: Դա նշանակում է, որ 1991-ին հանրաքվե անելիս մենք, փաստորեն, ունեցել ենք անկախ պետություն, բայց այստեղ հարց է ծագում․ եթե ունեցել ենք պետություն, ապա այդ հանրաքվեն ինչի՞ համար էր: Հանրապետությունը հանրությանը պատկանող անկախ պետությունն է, բայց մենք հանրաքվե ենք արել, որ Հայաստանը դառնա ազատ, անկախ, ժողովրդավար պետություն: Այնպես որ, Փաշինյանի հայտարարությունները ոչ միայն անհեթեթություն կարելի է որակել, այլեւ` դավադրություն մեր առողջ բանականության դեմ, պատմության դեմ, ճշմարտության դեմ: Եթե մենք չորրորդ հանրապետությունում պետք է ունենանք պատանդներ, եթե պետք է զրկված լինենք երազելու իրավունքից, ապա այդտեղ հանրապետություն լինել չի կարող: Չորրորդ հանրապետությունը խայտառակություն է, դավադրություն հայ ժողովրդի հանդեպ:
– Ի դեպ, Փաշինյանը նաեւ արգելում է Արարատ լեռը հայկական համարել, թեպետ ամեն օր տեսնում ենք հենց Արարատը …
– Այդ ինքը պետք է մոռանա Արարատը: Նման փորձությունն Արարատ լեռան հետ չպետք է կապ ունենա: Իր պիղծ էությամբ նա չի կարող մեզ ասել, թե ինչի մասին խոսենք, ում սիրենք եւ ում ատենք: Նա իր վրա շատ բաներ է սկսել վերցնել: Խորհրդարանական հանրապետության, կայուն մեծամասնությամբ իշխանությունը փախցրած մեկը չի կարող խոսել սրբությունների մասին: Նա մտնում է մի դաշտ, որտեղ ոչ ոք չի մտնում: Անգամ հավատացյալները, ովքեր ունեն սրբություններ, հարգում են նաեւ այլոց սրբությունները, ընդունում, որ դիմացինն էլ կարող է իր սրբություններն ունենալ:
– Ադրբեջանցի փորձագետներն այնքան են լկտիացել, որ Երեւանում արդեն խոսում են Հայաստանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դա կարող է անել բացառապես մեկ մարդ` Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք ամեն ինչ անելու են, որ նա մնա:
– Ամեն ինչ իր տեղն է ընկնում, պարզ է, որ այդ հայտարարություն անողը բռնապետ Ալիեւի շնիկներից է, իսկ բռնապետի խոսքը կարող են հարգել միայն ստրկամիտները:
– Առաջներում Դուք էլ էիք հաճախ խոսում սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին:
– Ես խոսել եմ քաղաքացու բարեկեցության մասին: Ես խոսել եմ, թե ինչպես անել, որ քաղաքացին դառնա երկրի տերը, ես գործել եմ, իսկ նրանք ինձ դեմ են կանգնել: Եթե իմ կողքին կանգնեին, գուցե նման ողբերգությունների առաջ չկանգնեինք:
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի