Դանիայի իշխանությունները ճշտել են, որ սեպտեմբերի 22-23-ին Կոպենհագենի օդանավակայանի գործունեության չորսժամյա խաթարման պատճառ հանդիսացած ԱԹՍ-երն արձակվել են «Ռուսաստանի ստվերային նավատորմի նավերից»:
Խոսքը Եվրահանձնաժողովի կողմից պատժամիջոցների ենթարկված լցանավերի մասին է, որ Ռուսաստանը տարբեր երկրների դրոշի տակ օգտագործում է նավթի արտահանում և իրացում ապահովելու համար:
Ըստ տեղեկությունների, պատժամիջոցների տակ հայտնված հարյուրից ավելի լցանավերից յոթն ունեն ադրբեջանական գրանցում, դրանց «սեփականատեր են հանդիսանում» Սումգայիթ քաղաքի բնակիչ-ֆիզիկական անձինք, որ Ադրբեջանի մաքսային և հարկային մարմիններում հաշվառված են որպես «անհատ ձեռնարկատերեր»:
Բաքվի իշխանական haqqin.az-ը դրանցից մեկի ծագումնաբանությունը հաստատել է. «լցանավի սեփականատերը» գրանցված է Սումգայիթ քաղաքի Սուլհ/ խաղաղություն փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում: Ըստ լրատվամիջոցի, ներկայումս Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը քննում է մի քրեական գործ, որ հարուցվել է մի շարք տնտեսվարողների դեմ:
Ըստ նախաքննության վարկածի, այդ տնտեսվարողները «գործել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո»: Նրանք սահմանափակել են ադրբեջանական նավթի արտահանումը, փոխարենը իրացրել ռուսաստանյան նավթը և այդպիսով «փաստացի ֆինանսավորել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զավթողական պատերազմը»:
Այս տեղեկատվության աղբյուրն, անկասկած, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն է: Մեծ է հավանականությունը, որ ներկայումս «հետաքննվող գործարքը» ոչ մեկի համար գաղտնիք չի եղել և կայացվել է 2022թ. փետրվարի 22-ին՝ Կրեմլում Պուտին-Ալիև հանդիպմանը:
Տվյալ պահին, կարելի է ենթադրել, Ալիևը պարզապես հարկադրված է բացահայտել Պուտինի սումգայիթյան նավատորմի գաղտնիքը՝ ենթարկված լինելով Արևմուտքի և, հավանաբար, հատկապես Միացյալ Նահանգների ճնշումներին: Սա արդեն Պուտին-Ալիև հարաբերություններում խոր ճգնաժամի վկայություն է:
Միայն պատկերացնել կարելի է, թե էլ ի՞նչ ստվերային գործարքներ են իրականացրել Մոսկվան և Բաքուն կամ նույնիսկ դեռ շարունակում են իրականացնել: Պետք է միայն արձանագրել, որ Պուտին-Ալիև ծովահենային համաձայնությունները համընկնում են Լեռնային Ղարաբաղի վերջնական օկուպացիայի և հայ բնակչության էթնիկ զտման ժամանակին:
Բաց մի թողեք
Թուրքիային ի՞նչ «մանրադրամով է պատասխանելու» Ռուսաստանը
Ալիևը նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից դարձյալ հնչեցրել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի նկատմամբ քրգործ է հարուցվել․ նա Երևանում է. Լուսանկար