Հայտնի է Նիկոլ Փաշինյանի մեծ սերը տարբեր համադամ ուտելիքների, ուտել-խմելու հանդեպ։ Եվ այդ սերը նաեւ կապված է եղել «Արցախ» տեղանվան հետ:
Հրապարակ թերթը գրել է․ Պարզվում է՝ պատանի Նիկոլն «Արցախ» բառն առաջին անգամ լսել է Իջեւանում` այդ տարիներին շատ ակտիվ գործող մի ռեստորանի շնորհիվ։ 2024-ին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ժողովրդավարության դպրոցում» դասախոսություն է կարդացել` «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» թեմայով եւ, անդրադառնալով խորհրդային ժամանակաշրջանին ու հիշեցնելով, որ ծնվել ու մեծացել է Իջեւանում, ասել է. «Մեր մանկական խոսակցություններում ամենաշատ հնչող բառերից մեկն Արցախն էր՝ 1984, 1985, 1986 թվականներին: Կարո՞ղ եք կռահել՝ ինչո՞ւ: Չեք կռահի: Ուրեմն Իջեւանում ամենահայտնի էլիտար ռեստորանը Խորհրդային Միության ժամանակ կոչվում էր «Արցախ», եւ մինչեւ հասկացանք՝ ղարաբաղյան շարժումն էդ ինչի մասին է, մեր խոսակցության մեջ անընդհատ Արցախը ներկա էր՝ «Արցախում» էս է եղել, էն է եղել, իսկ դա այն ռեստորանն էր, որտեղ գնում էր Իջեւանի շրջանի էլիտան, եւ էրեխեքը մտածում էին՝ որ մեծանանք, մենք էլ կգնանք «Արցախ» ռեստորան»:
13 տարեկանում Նիկոլ Փաշինյանը նաեւ Արցախին նվիրված հայրենասիրական բանաստեղծություն է ձոնել։ Իջեւան քաղաքից բանաստեղծուհի Լուսինե Ենգոյանը 2020-ին «Վան Արյան» հրատարակչատանը տպագրել է «Իջեւանի մշակույթը՝ 1970-ական թվականներից մինչեւ 2020 թվականը» գիրքը, որտեղ զետեղել է նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ 1988-ին` 13 տարեկանում գրած «Արցախ» բանաստեղծությունը։ Այդ բանաստեղծությունը Լ․ Ենգոյանին է տվել Նիկոլ Փաշինյանի խորթ մայրը՝ Երջանիկը:
Ստորեւ ներկայացնում ենք 7 քառատողից բաղկացած բանաստեղծությունը, որտեղ տողեր կան նաեւ սահմանն առաջ հրած, Մեղրիի խաղողին աչք դրած ադրբեջանցիների մասին։
ԱՐՑԱԽ
Այո, ես սնվել եմ այս արեւի տակ,
Այս արեւի տակ՝ ջերմ ու հայկական,
Այս արեւի տակ առել եմ հասակ,
Եվ դարձել եմ մարտիկ առնական։
Դուք Ղարաբաղ եք ասում այդ հողին,
Իսկ մենք՝ հայերս, ասում ենք Արցախ։
Դուք այդ ասելով՝ նմանվում եք գողի,
Իսկ մենք՝ հայկական քաջարի, անվախ։
Ձեզ հայոց զավակն է տվել ազատ,
Ձեր նման լկտի անառակներին,
Եվ հայոց զավակն էլ կտա կապանք,
Ինչպես թափառող, անտեր շներին։
Մենք դրել ենք մեր ազնիվ պահանջը,
Եվ դրան, այո, կա ապացուցում,
Եթե չլիներ պահանջն այդ ազնիվ,
Արաքսն իր համար կփնտրեր նոր հուն։
Այո, Մասիսի ձյունը կհալվեր,
Եվ կաղիանար Սեւանա լիճը,
Եթե այդ պահանջն ազնիվ չէր եղել,
Եվ մենք վարվեինք ինչպես դահիճը։
Մենք Ղարաբաղին ոչ` աչք չենք դրել,
Ինչո՞ւ աչք դնել սեփական հողին,
Դուք մեր սահմանն այնքան եք հրել,
Որ ուզում եք տիրել Մեղրու խաղողին։
Այո, այս արեւի տակ ենք ծնվել,
Այս արեւի տակ ջերմ ու հայկական,
Եվ նրա համար պատրաստ ենք կռվել,
Ինչպես քաջարի մարտիկ առնական։
Բաց մի թողեք
Սննդի անվտանգության տեսչությունն ինչու է թաքցնում դաբաղի համաճարակը
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է