Փարաքարի համայնքապետի սպանության երկրորդ օրվա ավարտին երկու հիմնական վարկած է դիտարկվում: Նրա կողմնակիցներն ու կուսակիցները հակված են առաջ քաշելու քաղաքական սպանության վարկածը, որը կապված է հանգուցյալ համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ընդդիմադիր հայացքների հետ:
Հրապարակ թերթը գրել է․ Այն առաջինն արտահայտեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ սպանությունից ժամեր անց հայտարարելով, թե կասկած չունի, որ սպանությունը կապված է Գրիգորյանի հանրային գործունեության հետ: Երեկ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը բացառեց քաղաքական սպանությունը՝ լրագրողներին ասելով, որ Վալոդյան իրենց «լավ ընկերն» էր: Սա, իհարկե, ճշմարտանման պնդում է: Ինչ-ինչ, բայց Վալոդյա Գրիգորյանն այն գործիչը չէր, որի համար ՔՊ-ն քիլլեր պատվիրեր, եթե չասենք, որ քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես բնաջնջելը ՔՊ-ի ձեռագիրը չէ: ՔՊ-ն համայնքապետին հեռացնելու ավելի արդյունավետ ու իմիջի առումով անվտանգ եղանակներ ունի իր ձեռքի տակ, հլու-հնազանդ իրավապահներ ու դատավորներ, որոնք համայնքապետին «փակելու» մի թեմա հաստատ կգտնեին: Այս պահին առավել հավանական է թվում արյան վրեժի դրդապատճառը: Քննչական կոմիտեն փնտրում է այս եւ ամիսներ առաջ կատարված սպանության միջեւ կապը: Հիշեցնենք, որ Մերձավանում, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ փետրվարի 5-ին, մեկ այլ սպանություն էր տեղի ունեցել: Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակման ժամանակ սպանվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, իսկ նրա ընկերներից մեկը վիրավորվել էր:
Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ Սակայն Օհանյանի սպանութան համար մեղադրվողն այլ անձ է՝ Արմեն Ղազարյանը: Ըստ քրեական գործի նյութերի, Ղազարյանը ««АК-47» տեսակի կամ դրա մոդիֆիկացիան հանդիսացող ինքնաձիգով ապօրինաբար Գրիգոր Օհանյանին կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, անկանոն կրակոցներ է արձակել վիճաբանության մյուս կողմի մասնակիցների ուղղությամբ», արձակված կրակոցներից մեկի արդյունքում Գրիգոր Օհանյանը, ստանալով բազմաթիվ վնասվածքներ, տեղում մահացել է։ ՔԿ-ն այս գործով նախաքննությունն ավարտել է եւ հուլիսին նյութերն ուղարկել է դատարան:
Երեկ ոստիկանությունը հսկում էր Մհեր Ախտոյանի տունը, որը մի քանի 100 մետր է հեռու սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի տնից: Կենցաղային եւ անձնական կոնֆլիկտի վարկածներն իրավապահ մարմինները եւս դիտարկում են, բայց փաստ է, որ այս պահի դրությամբ նրանք ո՛չ պաշտոնական մեղադրանք ունեն, ո՛չ կազմակերպչի անուն, ո՛չ էլ գոնե կասկածյալ:
Ի դեպ, չի բացառվում, որ Մերձավանի համայնքապետի կիսակառույց տան մոտ կատարված սպանության գլխավոր թիրախը ոչ թե համայնքապետն էր, այլ քիլլերի մյուս զոհը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, որը հաստատ հազար ու մի թշնամի կունենար: Լուրջ քննության առարկա պետք է դառնա նաեւ այն, որ մարդասպանը կրակելուց հետո վերադարձել է ու հսկիչ կրակոցներ արձակել զոհի վրա:
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիակն տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի