27/09/2025

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել է քարոզչական նպատակներով

Սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Բանակցությունների խորքային մանրամասնությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Թուրքական և միջազգային մամուլի առանձին հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ Դոնալդ Թրամփը Ռեջեփ Թայիփ Էրդողանին «խորհուրդ է տվել» ռազմավարական «հեռավորություն պահել» Ռուսաստանից:

Թրամփն, ընդսմին, կարևորել է, որ Էրդողանը «հավասարապես հարգանք է վայելում» թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի նախագահի մոտ: ԱՄՆ նախագահն, ըստ էության, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարությունը կարեւորել է և, գուցե, միաժամանակ Էրդողանին «նոր պատասխանատվություն հասցեագրել»:

Նույն օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Անդրադառնալով ղարաբաղյան երկրորդ պատերազմին, նա հիշեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի չորս բանաձևերը, որոնց «պահանջները շուրջ երեսուն տարի չեն կատարվել»:

Ալիևի ներկայացմամբ՝ Ադրբեջանը «ստիպված է եղել գործի դնել ՄԱԿ-ի Կանոնադրության 50-րդ հոդվածով վերապահված ինքնապաշտպանության իրավունքը և վերականգնել սեփական տարածքային ամբողջականությունը»:

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացել է որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաձեռնող: Նա ասել է, որ «չնայած հարուցված խոչընդոտներին, բանակցություններն ընթացել են երկկողմ ձևաչափով» և հրապարակայնացրել, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:

ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքով անխոչընդոտ հաղորդակցության հնարավորությունն ապահովում է խաղաղության և տարածաշրջանային համագործակցության Թրամփի ծրագիրը»:

Մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանի հարավում հաղորդուղիների ապաշրջափակման հարցը, և Իլհամ Ալիևի ելույթը կառուցված է այդ բանակցությունների ընդհանուր համատեքստի վրա:

Այդուհանդերձ, Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել է քարոզչական նպատակներով, ինչը, որքան էլ արտառոց չհնչի, սինխրոնացված էր Ադրբեջանին «պատերազմ հայտարարելու» մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայաստանյան ընդդիմության քարոզչությանը:

Ալիևը, կարելի է որոշ վերապահումներով ասել, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման մտադրության մասին:

Դա տարածաշրջանում կայունության և համագործակցության հեռանկարի անհրաժեշտ, բայց ոչ լիովին բավարար պայման է: Ըստ երևույթին, խնդիրը պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերություններով: