Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ «դատավարության» մեկնարկից ութ ամսից ավելի է անցել, սակայն չի ներկայացվել ոչ մի ապացույց այն մասին, որ նա անձամբ որևէ հանցագործություն է կատարել։
Այս մասին նշվում է Free Armenian Prisoners նախաձեռնության հայտարարության մեջ։
«Ավելին` նշված ժամանակահատվածներում նա չէր էլ կարող կատարել այն ամենը, ինչում նրան մեղադրում են։ Բոլոր այսպես կոչված «վկաները» հայտարարում են, որ երբեք չեն տեսել Վարդանյանին և անձամբ չեն ճանաչել, այլ նրա մասին միայն լսել են ԶԼՄ-ներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնությունը հիշեցնում է, որ «դատական գործընթացի» սկզբից` 2025 թվականի հունվարից, դատական 36 նիստ է կայացել։ Գործը քննվում է ռազմական դատարանում՝ առանձին Արցախի մյուս նախկին ղեկավարների գործից։ Թեև ադրբեջանական իշխանությունները խոստացել էին բաց գործընթաց, դրան թույլատրվել է մասնակցել միայն պետական լրատվական գործակալությանը, իսկ անկախ միջազգային դիտորդների բոլոր հարցումները մերժվել կամ անտեսվել են։
Ավելին` փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը Եվրոպական դատարանում պաշտպանում է հայ ռազմագերիների շահերը, հրապարակել է զեկույց, որում եզրակացվում է, որ Բաքվում անցկացվում է անարդար դատավարություն, որտեղ պաշտպանությունը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ ամբաստանյալի անմեղությունն ապացուցելու ցանկացած իրական հնարավորությունից։
Free Armenian Prisoners-ը հիշեցնում է, որ Վարդանյանը երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ որպես շարունակվող դատական ֆարսի դեմ բողոքի նշան։ Նա նշել է, որ այս «դատը» հարված է մի ամբողջ ժողովրդի, փորձ է մեղադրելու բոլոր նրանց, ովքեր օգնել են Լեռնային Ղարաբաղին և նրա բնակիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարեկցանք են դրսևորել։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Արցախ, նոյեմբերի 4-ին նշանակվել Արցախի պետնախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին նա ազատվել է պաշտոնից, սակայն մնացել է Արցախում մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան։
Սեպտեմբերի 27-ին նա ապօրինաբար ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ Արցախի այլ քաղաքական ու զինվորական գործիչների հետ։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումներ ստեղծել և սահմանն ապօրինի հատել։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորից 400-ը քննել առանձին վարույթով:
Բաց մի թողեք
Ի՞նչ կա կեղծելու, երբ կարելի է գործել «թավշյա հեղափոխության» վճռականությամբ
Պաղեստինի ժամանակավոր կառավարումը վերապահվել է Մեծ Բրիտանիային
Էժանագին բեմականացում, որի նպատակը նախ` իրական մեղավորին, կամ մեղավորներին թաքցնելն է