16/10/2025

Պատերազմ և խաղաղություն

Աղոտ հույսեր կան, որ աշխարհը ցնցող պատերազմների փուլը մոտենում է ավարտին, եւ Երկիր մոլորակը նորից կարող է վերադառնալ խաղաղ ու անցնցում կյանքի, որը տիրում էր 20-րդ դարի վերջին:

Հրապարակ թերթը գրել է․ Դրա հիմքում նախ այն գիտակցումն է, որ գուցե արդեն մարդկությունը հասցրել է հոգնել արյունահեղ պատերազմներից ու մարդկային կորուստներից:

Գուցե այն, որ խաղաղությունը մարդկային բնական պահանջ է, իսկ պատերազմներով հարցեր լուծելու տարբերակները կարծես չեն աշխատում` ի վերջո, հակամարտող կողմերը ստիպված են լինում զիջումների գնալ, եւ զիջումների են գնում ոչ միայն թույլերն ու պարտվողները, այլ նաեւ ուժեղներն ու հաղթողները:

Իսկ ուժեղները զիջումների են գնում այն պարագայում, եթե թույլերը չեն նահանջում, չեն զիջում:

Սա մի պարզ բանաձեւ է, որը, ցավոք սրտի, հասու չեղավ Հայաստանում իշխող մարդկանց: Սրանք պատրաստ են զիջել ամեն ինչ` հող, պետություն, արժանապատվություն, դրա դիմաց ստանալով նվաստացուցիչ խաղաղություն:

Եվ անգամ Ուկրաինայի, Պաղեստինի օրինակները նրանց ոչինչ չասացին: Ռուսաստանի եւ Իսրայելի նման անպարտելի հակառակորդներ ունեցող ուկրաինացիներն ու պաղեստինցիները ցույց տվեցին, որ կարելի է պայքարել` անգամ երբ այդ պայքարը բոլորովին անիմաստ է թվում:

Եվ անպայման գալիս է այն պահը, երբ քո հզոր հակառակորդները եւ աշխարհը ստիպված են լինում հաշվի նստել քեզ հետ: Արցախը ոսոխին հանձնած, իր բանակը կազմալուծող, թշնամուն շարունակաբար զիջող ազգն ու իշխանությունը երբեք չեն հաղթի:

Այն ազգը, որը ոչ միայն չի պայքարում, այլեւ թույլ է տալիս, որ միջազգային ֆորմատը` Մինսկի խումբը, վերանա, հետ է կանչում իր հայցերը միջազգային ատյաններից, հանգիստ հետեւում է, թե ինչպես են Բաքվում խոշտանգում իր հայրենակիցներին, երբեք հարգանքի չի արժանանա: