16/10/2025

6 տարվա հետապնդումից հետո վերականգնվեց․ Լուսանկար

Երեւանի առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնվեց իշխանության թիրախում, երբ 2019 թ. մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխեց, իսկ մայիսի 20-ին կասեցրեց քրեական գործի վարույթը եւ ՍԴ դիմեց` առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցով:

Հրապարակ թերթը գրել է․ Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները, իսկ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեցին: Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկեցին, նրան մեղադրանք առաջադրեցին` ինչ-որ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ապա դատավորի լիազորությունները կասեցվեցին:

Նրա նկատմամբ քրեական գործը մտավ Հակակոռուպցիոն դատարան: Գործը քննող դատավոր Սարգիս Դադոյանը երկար դատաքննությունից հետո՝ 2025թ․ հունվարի 22-ին արդարացման դատավճիռ կայացրեց՝ 6 տարվա քաշքշուկից հետո հռչակելով Դավիթ Գրիգորյանի եւ գործով անցնող մյուս անձի` Գոռ Վարդանյանի անմեղությունը։

Դատավճիռը բողոքարկվել է թե՛ վերաքննիչ, թե՛ վճռաբեկ դատարաններ եւ մնացել անփոփոխ: Այսինքն, ի հեճուկս իշխանությունների եւ նախաքննական մարմնի, Դավիթ Գրիգորյանի եւ Գոռ Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Իսկ սեպտեմբերի 29-ին, շուրջ 6 տարի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված դատավոր Գրիգորյանի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը ներկայացրել է հանրապետության նախագահին, որպեսզի նորից դատավոր նշանակեն Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի թափուր տեղում:

«Հրապարակ». 6 տարվա հետապնդումից հետո վերականգնվեց