16/10/2025

«Երկու պետություն սկզբունքով» արդարացի խաղաղություն հաստատելու ճանապարհ հարթում»

Թուրքիայի, Հորդանանի, Արաբական միացյալ էմիրությունների, Ինդոնեզիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները համատեղ գրավոր հայտարարություն են տարածել և ողջունել նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնապես հրապարակված՝ «Գազայի սեկտորում հակամարտության դադարեցման համապարփակ պլանը»:

Նախարարները կրկին հաստատել են ԱՄՆ հետ ընդհանուր հանձնառությունը, որպեսզի Գազայում «դադարեն հարձակումները»: Ինչպես փոխանցում է թուրքական «Անադոլուն», փաստաթղթում ասված է, որ Թրամփի առաջարկած «համապարփակ համաձայնագիրը նախատեսում է էքսկլավի անխափան մարդասիրական մատակարարումներ, կանխում է պաղեստինցիների հարկադիր տեղափոխությունը, ապահովում գերիների փոխանակում և «երկու պետություն սկզբունքով» արդարացի խաղաղություն հաստատելու ճանապարհ հարթում»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն, ինչպես պարզվում է «Անադոլուի» տեղեկատվությունից, այդ կարևոր հայտարարությանը պաշտոնապես չի միացել, բավարարվել է սոցիալական X հարթակում գրառմամբ:

Հայտարարությունը ստորագրած երկրներից Թուրքիայի և Պակիստանի հետ Ադրբեջանը ռազմավարական դաշնակցության պայմանագրեր ունի: Ավելի վաղ կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնոլոգիական եռակողմ համագործակցությունը: Բաքուն արդյունավետ կապեր ունի Հորդանանի, Արաբական միացյալ էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հետ:

Այս համատեքստում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կեցվածքը երկու բացատրություն կարող է ունենալ. կամ Գազայի, իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցերում Բաքվի դերակատարությունը չի կարևորվել, կամ Ալիևը խուսափել է համախոհությունից՝ զգուշանալով Իսրայելի պատասխանից:

Դիտարժան է, որ նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը համատեղ հայտարարություն ստորագրած մի քանի երկրի պաշտոնակցի հետ հեռախոսազրույց է ունեցել: Սեպտեմբերի 15-ից հետո, երբ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Բայրաքտարն Իլհամ Ալիևին հանդիպելու համար ստիպված էր հասնել օկուպացված Շուշի, թուրք-ադրբեջանական հրապարակային շփում տեղի չի ունեցել:

ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում Էրդողան-Ալիև կամ Ֆիդան-Բայրամով հանդիպում չի կազմակերպվել: Թուրքիան և Ադրբեջանը, մինչդեռ, «մեկ ազգ՝ երկու պետություն են»: