16/10/2025

Չեն դառնա «մեր երկրում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ»

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի քաղաքական հետապնդման վերաբերյալ նամակ էր ուղղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

«Փաստ» օրաթերթը գրում է. Երկու ամիս անց ստացվել էր նամակի պատասխանն առ այն, թե նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։

Եվ ահա, Մարուքյանը նույն հարցով նամակով դիմել է նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգին և Պիերո Ֆասսինոյին, ինչպես նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին:

«Ի՞նչ է սա, եթե ոչ ազատ խոսքի համար քաղաքական հետապնդում և խոսքի ազատության կոպտագույն սահմանափակում։ Ի՞նչ է սա, եթե ոչ Եվրոպայի խորհրդի երեք հիմնարար արժեքների խախտում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության»,-մասնավորաբար գրել է ԼՀԿ նախագահը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի «գործերին»։

Նամակում նշվում է, որ տեղի ունեցող զարգացումները կոպտորեն ոտնահարում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան և չեն համապատասխանում Եվրոպայի խորհրդի հիմնադիր փաստաթղթերին, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին։

Մարուքյանը նաև խնդրել է՝ «պահանջել Հայաստանի Հանրապետության վարչապետից՝ անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»:

Իհարկե, դժվար է ասել՝ ինչպես կարձագանքեն եվրոպացի պաշտոնյաները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքն այսքան ժամանակ աչքերը փակել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից իրականացվող ակնհայտ ապօրինություններին ու Հայաստանում այսքան շատ քաղբանտարկյալների առկայությանը 2018 թ. իշխանափոխությունից հետո:

Այդուամենայնիվ, դեռևս հույս կա, որ, ինչպես Մարուքյանն է իր նամակում նշել, նշյալ պաշտոնյաները չեն դառնա «մեր երկրում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ»։