16/10/2025

Անբարոյական է, երբ պատրաստ ես հրաժարվել պապերից քեզ ժառանգություն հասած հողից, քո ինքնությունից

Խաղաղությունը՝ որպես խայծ, որպես շիրմա, որպես արդարացում… այս իշխանությունը «խաղաղություն» հասկացությունն էլ վարկաբեկեց, դարձրեց իր վախերը թաքցնելու, իր հակահայկական քայլերն արդարացնելու, մարդկանց մոլորեցնելու, հնազանդեցնելու գործիք:

Հրապարակ թերթը գրել է․ 5 տարի շարունակ հավանական պատերազմի վախով եւ այդպես էլ չհաստատվող խաղաղությունը շահարկելով` 2021-ին վերարտադրվեցին, հիմա էլ ուզում են 2026-ին ընտրվել եւ մնալ իշխանության: 5 տարի շարունակ մեզանում ամենից շատ գործածված, յուրաքանչյուր մարդու համար բաղձալի այդ արտահայտությունը չարաշահեցին ու շահագործեցին, դրա անվան տակ հարյուրավոր հակահայկական ու մերժելի որոշումներ կայացրին, ստիպեցին հաշտվել դրանց հետ:

Նվաստացուցիչ խաղաղության հասնելու համար հրաժարվեցին Արարատի սիմվոլից, «Արեւմտյան Հայաստան» ու «Հայոց պատմություն» տերմիններից:

Մինչդեռ անբարոյական է, երբ պատրաստ ես հրաժարվել պապերից քեզ ժառանգություն հասած հողից, քո ինքնությունից, արժանապատվությունից` հանուն հորինված ու կեղծ խաղաղության:

2023-ին հենց այդ կեղծ ու անպատիվ խաղաղությունը պահելու համար այս իշխանությունը հրաժարվեց Արցախը պաշտպանելուց:

Հանուն այդ կեղծ ու երերուն խաղաղության հայտարարեցին, որ գերիների հարցերով չեն զբաղվում, որպեսզի խաղաղության փաստաթղթի ստորագրումը չվիժեցնեն:

Խաղաղություն բերելու անվան տակ համաձայնեցին Մինսկի խմբի ֆորմատի լուծարմանը, հրաժարվեցին միջազգային ատյաններում հայցերից:

Հիմա էլ հայտարարում են, որ արցախցիների վերադարձի թեման բարձրացնելը կարող է վտանգել խաղաղությանը:

Բայց պետք է հայ մարդիկ հասկանան, որ ամեն ինչ իր գինն ունի, այդ թվում` խաղաղությունը:

Ոչ մի բանի համար չի կարելի չափից դուրս մեծ գին վճարել: