15/10/2025

Վարչապետը հերթական անգամ փորձում է հաճոյանալ Ալիևին և ցույց տալ իր պատրաստակամությունը

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քննադատեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությունը՝ արտահերթ նիստ գումարելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության մասին հայտարարության նախագիծը քննարկելու վերաբերյալ։

Նրա խոսքով՝ արտահերթ նիստի կազմակերպումը կապվում է Նիկոլ Փաշինյանի՝ Կոպենհագենում Ալիևի հետ ունեցած հանդիպման հետ․ «Վարչապետը հերթական անգամ փորձում է հաճոյանալ Ալիևին և ցույց տալ իր պատրաստակամությունը՝ կատարել նրա պահանջները»։

Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու նիստին։ Նա շեշտեց, որ իրենց քաղաքական ուժը չունի պարտավորություն Ալիևին դուր գալու կամ նրա ցանկությունները կատարելու․ «Սա միայն ՔՊ-ի դիրքորոշումն է, որն առնչություն չունի ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ էլ Հայաստանի ընդհանուր շահերի հետ։ Մենք չենք կարող լինել այդ գործընթացի մասնակից»։

«Մենք հենց սկզբից ասել ենք ու աշխատանքներին չենք մասնակցել։ Սա էլ արել ենք մի պարզ պատճառով, որ հանցագործները չեն կարող քննել իրենց հանցանքները։ Անշուշտ ու միանշանակ է, որ պատերազմի բոլոր հանգամանքները պիտի քննվի, ու դա պիտի արվի շատ մանրակրկիտ ու մեծ ուշադրությամբ, բայց ոչ այս իշխանության կողմից»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրոների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դիրարկումներին։

«Մենք ուղղակի չենք պատկերացնում, թե ո՞նց կարող է Անդրանիկ Քոչարյանը քննել Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։  Այսինքն ասում են այն, որ իրենք իրենց հանցանքները ոչ կարող են քննեն, ոչ էլ բացահայտեն։ Պատերազմի հանգամանքները ամբողջությամբ քննվելու է իշխանափոխությունից հետո»,- ասաց նա։