15/10/2025

Երևանում Հնդկաստանի 4 քաղաքացի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտա 1/24 հասցեից քաղաքացիների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 4 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և 4 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են նշված հիվանդանոց։

Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Իրավապահները պարզել են, որ նրանց հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները Ազատության պողոտա 1/24 հասցեից։

Արդեն նշված հասցեում գործող շինության, որն ավելի շատ հյուրանոցային համալիր է հիշեցնում, ներսում և դրսում հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործության գործիք սուր կտրող-ծակող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ 4 վիրավորն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են, իսկ նշված շինությունում հայտնաբերել են 25-ից ավելի Հնդկաստանի քաղաքացիների։