16/10/2025

Սրան հայ հանրությունը հստակ բնորոշում ունի՝ կույս մնալ մինչև կկվի կանչելը ․․․

Կոպենհագենում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Անատոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Ի պատասխան Կոշտայի և Լայենի՝ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների կապակցությամբ շնորհավորանքների, Իլհամ Ալիևը նախ աջակցության համար շնորհակալություն է հայտնել, ապա ասել, որ «Երևանը և Բաքուն արդեն ադապտացվել են խաղաղության պայմաններում կյանքին» և հավաստիացրել, որ «ադրբեջանական կողմը կշարունակի խաղաղության օրակարգն առաջ մղելու ջանքերը»:

Նման հայտարարություն, ըստ էության, ակնկալվում էր սեպտեմբերի 25-ին, երբ նախատեսված էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 80-րդ, նստաշրջանում Ալիևի ելույթը: Ադրբեջանի նախագահը, սակայն, ՄԱԿ-ի ամբիոնից ոչ միայն այդ հավաստիացումը չարեց, այլև որդեգրեց ոչ կառուցողական հռետորաբանություն և, այսպես ասած՝ «ռևիզոնիստական կեցվածք»՝ փորձելով «խմբագրել» Սյունիքում հաղորդուղիների գործարկման շուրջ վաշինգտոնյան եռակողմ հռչակագիրը:

Ըստ երևույթին, դա Ադրբեջանի նախագահի կողմից լիովին գիտակցված և հաշվարկված քայլ էր, որով նա փորձեց ստուգել վաշինգտոնյան համաձայնությունների միջազգային կարեւորությունը և, հատկապես, քաղաքական պաշտպանվածությունը:

Սեպտեմբերի 30-ին, ՄԱԿ-ում Ալիևի ելույթից հինգ օր հետո, ԱՄՆ պետդեպարտապենտի Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի գլխավոր խորհրդականը Բաքվում էր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկում էր վաշինգտոնյան պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր:

Դա հստակ ազդակ էր, որ օգոստոսի 8-ը, որքան էլ Թրամփը շփոթի Ադրբեջանի և Հայաստանի անվանումները, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության օրակարգում պատահական օր չէ:

Կոպենհագենում Իլհամ Ալիևը հրապարակայնացրել է, որ լիովին ըմբռնել է Հարավային Կովկասում խաղաղություն և համագործակցություն հաստատելու ամերիկյան նախաձեռնության գերկարևորությունը:

Սրան հայ հանրությունը հստակ բնորոշում ունի՝ կույս մնալ մինչև կկվի կանչելը ․․․