ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ բուժքույր Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Նրա կրթական և մասնագիտական ճանապարհը անմիջապես բորբոքեց քննարկումներ թե՛ խորհրդարանում, թե՛ բժիշկների համայնքում, թե՛ հասարակության տարբեր շերտերում։
Հանրային վրդովմունքի ալիքը փորձեց մեղմել Արսեն Թորոսյանը՝ մեկ ամբողջ «դավթար» գրելով և բացատրելով, թե ինչու բուժքույրը կարող է լինել ոչ միայն պատվաբեր մասնագետ, այլև հանձնաժողովի ղեկավար։ Եվ ինչպե՞ս է նա դա հիմնավորում։ Փիլիսոփայական այս մտքով.
«Չաշխատելն է ամոթը, ոչ թե բուժքույր կամ որևէ այլ մասնագիտությամբ աշխատելը»։
Սա է Արսեն Թորոսյանի «գիտական բացահայտումը»։
Թորոսյանին, երևի, արժե մի փոքրիկ պատմական օրինակ հիշեցնել։ ԽՍՀՄ տարիներին Լիսկայի մայրը՝ մասնագիտությամբ կթվորուհի, ընտրվել էր Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եվ ճիշտ էր ընտրվել․ աշխատում էր բարեխիղճ, կթում էր կովը, ստանում էր բարձր արդյունք ու հենց այդ աշխատանքի համար էլ արժանանում էր պետական գնահատանքի։ Բայց նույնիսկ այն ժամանակ Սովետի խելքը չէր կտրի կթվորուհուն նշանակել գյուղատնտեսության նախարար կամ օրենսդիր մարմնի ղեկավար։ Պետությունն իր տեղը գիտեր, կթվորուհին՝ նույնպես։
Իսկ հիմա ի՞նչ ունենք։ ՔՊ-ն որոշել է առողջապահության ոլորտը «ղեկավարել» բուժքրոջ ձեռամբ, այն դեպքում, երբ նույն իշխանության առաջին դեմքը ինքն էլ փայլում է միայն կրթական պակասով և երկիրը հասցրել է փլուզման եզրին։ Ուշագրավ է, որ հենց այս ֆոնին է Արսեն Թորոսյանը փորձում փրկել իր թիմի իմիջը՝ «բուժքույրերի պատվին» մենամարտի մտնելով։
Թորոսյանին պետք է հիշեցնել․ Խնդիրը բուժքույրի մասնագիտությունը նսեմացնելը չէ, այլ պետության կառավարման անլուրջ վերաբերմունքը։
Բուժքույրը կարող է հերոսաբար աշխատել հիվանդանոցում, բայց դա չի նշանակում, որ պետք է ղեկավարի ամբողջ համակարգը։
Եվ վերջապես՝ այսօր չաշխատելը շատ ավելի քիչ ամոթ է, քան ՔՊ-ի հետ աշխատելը։
Ամոթն այն չէ, որ մարդը կթվորուհի է կամ բուժքույր։ Ամոթն այն է, որ պետական պաշտոնները վերածվել են քաղաքական խաղալիքի, իսկ Թորոսյանը փորձում է դա ներկայացնել իբրև «նոր մտածողություն»։
Թորոսյանի հոդվածը պարզապես հերթական փորձն է՝ արդարացնելու ՔՊ-ի ամենաթողությունը։ Բայց որքան էլ երկար գրի, մեկ փաստ մնում է անժխտելի․ եթե Սովետի խելքը չէր կտրում կթվորուհուն դնել նախարար, ապա Հայաստանի ներկայիս իշխանության «խելքը» կտրեց՝ բուժքրոջը առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ նշանակելը ։ Հենց այստեղ է սկսվում մեր պետականության ողբերգությունը։
Բաց մի թողեք
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»
Ինչպե՞ս է Էրդողանը մարսելու նոր «սուր մանանեխը»