15/10/2025

Թրամփը պաղեստիյան ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել. ի՞նչ ազդեցություն կունենա այն Հարավային Կովկասում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստիյան ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել. Մինչև հոկտեմբերի 5 –ի ժամը 18:00 (Վաշինգտոնի ժամանակով) ընդունել Գազայում հրադադարի հաստատման իր առաջարկած ծրագիրը, ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին, իսկ մահացածների աճյունները վերադարձնել հարազատներին:

Հակառակ դեպքում «դժոխքը, որ դեռևս ոչ ոք չի տեսել, կթափվի ՀԱՄԱՍ-ի գլխին»: ԱՄՆ նախագահն անառարկելիորեն պնդել է, որ «բոլոր դեպքերում Մերձավոր Արևելքում խաղաղությունը կհաստատվի», քանի որ, ինչպես նա է ձևակերպել, «այդ ծրագրի տակ ստորագրել են բոլոր երկրները»:

ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ հրադադարի համաձայնությունը «խնայում է նաև ՀԱՄԱՍ-ի 25 հազար զինառյալների կյանքը»: Նա բոլոր խաղաղ պաղեստինցիներին կոչ է արել հեռանալ Գազա քաղաքից և ապաստանել ավելի անվտանգ վայրերում:

Թրամփի այս վերջին զգուշացումից կարելի է եզրակացնել, որ նա չի հավատում, թե ՀԱՄԱՍ-ը կընդունի վերջնագիրը և կամավոր կզինաթափվի: ԱՄՆ նախագահը բացահայտ ասել է, որ Իսրայելի բանակն սպասում է իր «առա՜ջ» թույլտվությանը, որպեսզի անցնի վճռական գրոհի:

Ավելի վաղ կասկած էինք հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե ենթարկվի ԱՄՆ նախագահի պահանջին և եռօրյա ժամկետում համաձայնի Գազայում հրադադարի ծրագրին: Թրամփի սոցցանցային գրառումը վկայում է, որ ամերիկյան կողմը դիվանագիտական մերժում է ստացել:

ՀԱՄԱՍ-ը փաստացի զրկվել է տարածաշրջանի արաբական և իսլամական պետությունների աջակցությունից: Կատարը, Եգիպտոսը, Հորդանանը և Թուրքիան Նյու-Յորքում ընդունել են Գազայի կարգավորման Թրամփի ծրագիրը, որ, ըստ էության, փոխզիջումային է և Պաղեստինի համար անկախության միջազգայնացման թեև ոչ այնքան հստակ, բայց որոշակի երաշխիքներ, այնուամենայնիվ, տալիս է:

Դոնալդ Թրամփը խոստացել է Գազայում հրադադարից հետո ամբողջ ուշադրությունը և ջանքերը կենտրոնացնել ուկրաինական կարգավորման վրա: Օգոստոսի 8-ից հետո հայ-ադրբեջանական կարգավորման քաղաքական պատասխանատվությունը նույնպես հիմնականում մասով հասցեագրվում է Վաշինգտոնին: Եթե Գազայում ոչ թե խաղաղություն հաստատվի, այլ «պայթի դժոխք», ապա ի՞նչ ազդեցություն կունենա այն Հարավային Կովկասում: