15/10/2025

Ռուս – թուրքական հարաբերությունները կարող են վերաճել նոր պատերազմի

Ադրբեջանական իշխանամերձ haqqin.az-ը հայտնում է, որ հոկտեմբերի 1-ին Միացյալ թագավորության Արտաքին հետախուզության տնօրեն Ռիչարդ Մուրը «Ստամբուլում հրաժեշտի ելույթ է ունեցել»:

Ադրբեջանցի լրագրողի փոխանցած տեղեկատվությունից առանձնանում է քաղաքական, թերևս նաև՝ անվտանգային-աշխարհաքաղաքական նշանակության երկու սկզբունքային պահ:

Առաջինը վերաբերում է բրիտանական արտաքին հետախուզության ղեկավարի այն սահմանմանը, որ Թուրքիան միշտ էլ միջազգային հարաբերություններում հավասարակշռող դեր ունեցել է, իսկ ներկայումս այն ավելի է կարևորվում, քանի որ նա ՆԱՏՕ-ի հուսալի անդամ է և մասնակցում է «Ռուսաստանի զսպմանը»:

Մուրն, ընդսմին, Թուրքիային նման դերակատարություն վերագրել է Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

Երկրորդ ուղերձը չափազանց արտառոց է. Մուրը Ստամբուլից դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին և կոչ արել, որ համագործակցեն բրիտանական արտաքին հետախուզության հետ: Նա խոստացել է ապահովել հավաքագրման գաղտնիությունը:

Սա արդեն բրիտանական արտաքին հետախուզության ղեկավարի թոշակի անցնելու վկայություն չէ, բայց չափազանց կարևոր է, որ Ռիչարդ Մուրը փաստացի անհարմար դրություն է ստեղծել Թուրքիայի իշխանությունների համար՝ նրանց կողմից իրեն տրամադրած հարթակն օգտագործելով հակառուսական հավաքագրում հայտարարելու նպատակով:

Ի՞նչ ենթատեքստ ունեն հանրահռչակ MI 6-ի դեռևս գործող տնօրենի այս բաց և ակնարկային հղումները: Լոնդոնում Անկարայի բարեկամությանը կասկածո՞ւմ են: Գուցե դա տարածվում է նաև Բաքվի նկատմամբ Մեծ Բրիտանիայի ռազմավարական վերաբերմունքի վրա՞:

Այլապես Բաքվի իշխանահայ լրատվամիջոցն ինչո՞ւ է անհանգստացած, որ Ռիչարդ Մուրի «հրաժեշտի ելույթը կարող է բարդացնել ռուս-թուրքական հարաբերությունները»: