16/10/2025

Երևանում 38-ամյա տղամարդը 10-հարկանի շենքի 6-րդ հարկից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:55-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա շենքի բակում վիրավոր քաղաքացի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ «պոլիտրավմա ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Տեղում պարզվել է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հովհաննես Բ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Փարպեցի 11Ա շենքի բակից:

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: