Էկոլոգ Քրիստինա Վարդանյանի մի գրառում կարդացի․ նա պատմում էր, որ դեռ 2020-2021 թվականներին սկսված զանգվածային բուժումները հիասքանչ արդյունք են տվել՝ ծառերը վերականգնվել են, պահպանվել առանց մեկ հատ էլ կտրելու։
Հրապարակ թերթը գրել է․ Այսինքն՝ հնարավոր էր բուժել, հնարավոր էր պահել։ Բայց փոխարենը մենք տեսանք մի քաղաք, որտեղ հին ծառերի տեղում կանգնեցվեցին նորաձև ցախավելներ։
Երևանի փողոցները կարծես մերկացվել են՝ առանց մի ստվեր, առանց շունչ քաշելու հարմար տեղ թողնելու։ Երբ քայլում ես այնտեղ, որտեղ մի ժամանակ ծառերը հով էին տալիս, հիմա քայլում ես խանձող արևի տակ՝ շնչահեղձ ու նյարդայնացած։ Իսկ այդ տեղերում տնկված նորաոճ ցախավելները՝ առանց սաղարթի, առանց կյանքի, մի տեսակ խորհրդանիշ են դարձել այն մտածողության, որն ամեն ինչ փորձում է փոխարինել արտաքին փայլով։
Ցախավելների գլխին մազ անգամ չկա՝ սեփական գլուխը պաշտպանելու, էլ ուր մնաց՝ մեզ պաշտպանի։ Բայց չէ՞ որ նույնն է կատարվում նաև կրթության հետ։ Այնտեղ, որտեղ հնարավոր էր խնամքով բուժել համակարգը, հասկանալ արմատների կարիքը, այնտեղ նույնպես կտրեցին՝ փոխարենը տնկելով «նորաձև կրթություն»։
Այսօրվա նորաձև կրթությունը նույն փաշինյանական ցախավելի տրամաբանությամբ է կառուցված․ շատ ձև, քիչ բովանդակություն։ Թարմ տերմիններ, բարձրագոչ ծրագրեր, բայց առանց այն ստվերի, որի տակ երեխան կարող է շունչ քաշել, խորհել, մարդ դառնալ։ Կրթությունը վերածվել է ցուցափեղկի՝ փայլուն, բայց անպտուղ։
Եվ ինչպես ծառերի դեպքում, այնպես էլ այստեղ ամենաանտեսվածը արմատներն են։ Հին ուսուցիչները, փորձը, դասական հիմքերը՝ ամեն ինչ մղվում է մի կողմ, որպեսզի տեղ տա նորաձևությանը։ Բայց ինչպես հին ծառը, որ իր ստվերով պաշտպանում էր մեր կյանքը, հին կրթական հիմքերն էլ էին պաշտպանում մեր միտքը դատարկությունից։
Եվ հենց այստեղ է, որ համընկնում են երկու երևույթները․ ծառերը և կրթությունը մեր շնչելու երկու ձևերն են։ Եթե մեկը կտրում ենք, մյուսը՝ ձևափոխում, ապա մնում ենք առանց հովի ու առանց մտքի։
Նորաձևությունը կարող է հաճելի թվալ առաջին հայացքից, բայց երբ հենվում ես նրա վրա, զգում ես՝ արմատ չկա։ Իսկ առանց արմատի՝ ոչ ծառը, ոչ կրթությունը չի ապրում։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է