15/10/2025

Գործարար Արման Հակոբջանյանը Սեւանա լճի մեջ լողավազան է կառուցել․ առանձնատների շինարարությունը եւս խախտումներով է

Սեւանա լճի ափամերձ տարածքներում տուն կամ հանգստյան գոտի ունենալը շատերի համար եղել է երազանք։ Նախկին պաշտոնյաների եւ նրանց հետ կապված գործարարների մի մասի երազանքն իրականացել է, գրել է «Հետք»-ը։

Գործող պաշտոնյաներն աստիճանաբար են մոտենում Սևանին։ Սեւանի ափին առանձնատուն կառուցելու մի անհաջող փորձ 2020 թ․-ին արեց գործարար, ճանապարհաշինական ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը։

Հակոբջանյանը պետական գնումների ակտիվ մասնակից է։ Նրան պատկանող ճանապարհաշինական ընկերությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, միլիարդավոր դրամների պայմանագրեր է ունեցել եւ շարունակում է կնքել պետական կառույցների հետ։ Այդ ընկերությունն է կառուցել Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհը, ներգրավված է նաեւ Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարության մեջ։ Արման Հակոբջանյանը նաեւ գազալցակայանների բիզնես ունի։

Blog Image

Սեւանի ափին նրա ապօրինի կառուցապատումը, բարձրացած աղմուկից հետո, դադարեցվեց, շինարարությունը կասեցվեց։ 2021 թ․-ին Արման Հակոբջանյանը ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն ստացավ Սեւանի ափին արդեն ոչ թե մեկ, այլ երկու առանձնատուն կառուցելու համար։ 2020 թ․-ին առանձնատունը կառուցվում էր առանց պարտադիր բնապահպանական փորձաքննության։
2020 թ․-ի սեպտեմբերի 10-ին «Հետքը» գրել էր, որ «Սևանի ափին քաղաքաշինական նորմերի խախտումներով առանձնատուն է կառուցվում»։ Հոդվածում ներկայացրել էինք Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդու՝ Արման Հակոբջանյանի կողմից խախտումներով իրականացվող կառուցապատումը։ Շինարարության մասին ահազանգել էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին պաշտոնյան, որին հետեւեց Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը, որ այդ շինարարությունը կասեցվել է, քանի որ նախագիծը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն։ Այդ պահի դրությամբ առանձնատան պարիսպների մեծ մասը եւ հիմնական շինությունները (առանձնատունը եւ պահակակետ/տնտեսական շինությունը) կառուցվել էին։ 2025 թ․-ի սեպտեմբերի դրությամբ առանձնատան տարածքն ընդլայնվել է, կառուցվել են նոր շինություններ, երկու լողավազան։ 2022 թ․-ին կառուցված լողավազանն, ի դեպ, Սեւանա լճում է՝ բոլոր կողմերից բետոնե պատնեշներով առանձնացված։ Մեր տեսախցիկն արձանագրել է, որ լողավազաններից մեկի ջուրը վերցվում է հենց Սեւանա լճից (լճից ջրառ իրականացնելու համար թույլտվություն է պետք)։
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում գտնվող եւ «Սեւան ազգային պարկին» սեփականության իրավունքով պատկանող երեք առանձին հողակտոր կա, որոնց վրա էլ Արման Հակոբջանյանը կառուցել է առանձնատները եւ մյուս շինությունները։

2021 թ․-ի դրությամբ ընդհանուր 0.5 հա կամ 5080 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ Կադաստրի կոմիտեում գրանցված էր Արման Հակոբջանյանի կառուցապատման իրավունքը (մինչեւ 2032 թ․ ժամկետով)։ Կառուցապատման իրավունքը տրվում է կոնկրետ ժամկետով։ Միեւնույն ժամանակ, հայտնի չեն այնպիսի դեպքեր, որ որևէ մեկը կառուցապատման իրավունք է ստացել, շինություն է կառուցել, եւ հետագայում դա դարձել է պետական սեփականություն։ Հողամասերի նկատմամբ Արման Հակոբջանյանի կառուցապատման իրավունքը ծագել է 2019, 2020 եւ 2021 թվականներին (հողերը նրան փոխանցվել են նվիրատվության պայմանագրով):

Հողամասերից մեկի կադաստրային վկայականում նշված է․ «Հողամասի մի մասը գտնվում է 1905մ բացարձակ նիշից ցածր մակարդակի վրա»։ Այդ նիշը այն «կարմիր գիծն է», որից դեպի լիճն ընկած հատվածում կառուցապատումն արգելված է, քանի որ լիճը կարող է ծածկել այդ տարածքը (ալիքի բարձրությունը ներառյալ)։ 1905մ բացարձակ նիշից ցածր մակարդակի վրա իրականացված կառուցապատումները քանդելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բազմիցս է հայտարարել, սակայն էական ապամոնտաժումներ մինչ օրս չեն կատարվել։

Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ Արման Հակոբջանյանը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել անհատական հանգստի գոտու կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը եւ ստացել դրական եզրակացություն (08.07.2021 թ․): Ըստ ՇՄԱԳ նախագծի, կառուցապատման ենթակա հատվածի մակերեւույթի բարձրությունները տատանվում են «1905-1915 մետրի սահմաններում։ Նախատեսվել է կառուցել 2 առանձնատուն, որոնցից մեկը՝ քարե, 5 ննջասենյակով, մյուսը՝ փայտից։ Տարածքում նախատեսվել էին նաեւ ստորգետնյա տնտեսական շինություն, օժանդակ շինություն՝ մոտորանավակների համար, պահակակետ, առափնյա նավամատույց, լողավազան եւ ստորգետնյա մաքրման կայան։ Ըստ ՇՄԱԳ նախագծի․ «Նախատեսվող հանգստի գոտու տարածքում 1905մ նիշից ցածր տարածքներում հիմնական/կապիտալ օբյեկտներով կառուցապատում չի նախատեսվում»: Շրջակա միջավայրի նախարարի հաստատած այս նախագծից հետո Արման Հակոբջանյանը ստացել է շինարարության թույլտվություն եւ վերսկսել հարկադիր դադարեցված կառուցապատումը։

Արբանյակից արված լուսանկարների միջոցով տեսնում ենք, որ 2022 թ․-ին առանձնատների եւ մյուս շինությունների հիմնական մասը կառուցված էր։ 2023 թ․-ի հոկտեմբերի դրությամբ կառուցապատումն ավարտված է, չկառուցապատված տարածքները կանաչապատվել են, իսկ խաղահրապարակում գծանշումներ են արված։

«Սեւան ազգային պարկին» սեփականության իրավունքով պատկանող եւ կառուցապատման իրավունքով Արման Հակոբջանյանին տրամադրված հողակտորներում շինարարություն իրականացնելու համար տրվել է նախագծման թույլտվություն, կազմվել է նախագիծ, որը ստացել է ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն, ապա՝ շինարարության թույլտվություն։ «Հետքն» ուսումնասիրել է կառուցապատողի փաստաթղթերը եւ նրան տրված թույլտվությունները, համեմատել նախագիծը իրականացված շինարարության հետ։ Արդյունքում պարզել ենք, որ շինարարությունն իրականացվել է խախտումներով։

Գործարարը կառուցապատում է արել իրեն չպատկանող հարևան հողամասում

2021 թ․-ին նախագծման թույլտվությունը տրվել է Դրախտիկի 1-ին փողոց 88 հողամաս, 1-ին փողոց 88/2 (նկարում 1) եւ 1-ին փողոց 88/3-4 հասցեներում քաղաքաշինական գործունեության համար։ Նույն հողամասերը ներկայացվել են ՇՄԱԳ փորձաքննության։ Երեք հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքն այդ ժամանակ պատկանել է Արման Հակոբջանյանին։

Մինչդեռ շինարարությունն իրականացվել է Դրախտիկի 1-ին փողոց 88 հողամաս (նկարում՝ 2), Դրախտիկ 1-ին փողոց 88/3-4 (նկարում՝ 3) եւ Դրախտիկ 1-ին փողոց 88/1/2 հողամասերում (նկարում՝ 4)։

Ստորև ներկայացված լուսանկարում 4-րդ հողամասը կառուցապատման իրավունքով պատկանում է այլ անձի (Հակոբ Հակոբյան)։ Լուսանկարի 1-ին հողամասի կառուցապատման իրավունքն այս տարվա սեպտեմբերից այլեւս չի պատկանում Արման Հակոբջանյանին, գրանցված է այլ անձի անունով (Հարություն Թոմակյան)։ Առանձնատան եւ Սեւանա լճի միջանկյալ հատվածի շինարարությունն էլ իրականացվել է մեկ այլ անձի կառուցապատման իրավունքով պատկանող հողում (Անդրանիկ Աղաջանյան)։

Պարիսպը։ Դրախտիկ գյուղի երեք հողակտորի (նկարում՝ 1, 2, 3) վրա կառուցապատում անելու համար երկու անգամ է նախագծման թույլտվություն տրվել (2019 եւ 2021)։ Առաջին թույլտվության մեջ նշված է․ «Նոր կառուցվող անհատական հանգստի գոտու կառուցում, երկրորդ թույլտվության մեջ՝ «Նոր կառուցվող անհատական հանգստի գոտու վերակառուցում»։ «Հետքը» դեռեւս 2020 թ․-ին էր նկարահանել շինհրապարակը եւ հրապարակել կառուցապատման նախագիծը, որոնցում երեւում են առանձնատան պարիսպները։ Դրանք ձգվում են մինչեւ լիճը։ 2021 թ.-ին Արման Հակոբջանյանը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել ՇՄԱԳ փորձաքննության հայտը (շինարարության կասեցումից հետո), որում նույնպես հիշատակում չկա մինչեւ լիճը ձգվող բետոնե հիմքով եւ քարապատ պարսպի մասին։

Լողավազանը։ ՇՄԱԳ-ի նախագծում Արման Հակոբջանյանը կցել է կառուցապատման ընդամենը մեկ հատակագիծ, որի ուսումնասիրությունից է պարզ դառնում, որ Սեւանի ափին ոչ թե մեկ, այլ երկու առանձնատուն եւ օժանդակ շինություններ են կառուցվելու։ Ըստ հատակագծի եւ կից տեղեկատվության՝ 0.5 հա հողամասում կառուցվելու է երկհարկանի քարե մեկ առանձնատուն, եւ եւս մեկը՝ փայտե։ Համաձայն նույն փաստաթղթի՝ տարածքում մեկ լողավազան է կառուցվելու։ Սակայն, մեր տեսանկարահանած նյութերում եւ արբանյակից արված լուսանկարներում երևում է երկու լողավազան, որոնցից մեկը գտնվում է լճի մեջ։ ՇՄԱԳ նախագծում ներկայացված միակ լողավազանը քարե տան դիմաց է, իսկ երկրորդ լողավազանի տեղում լողափ է պատկերված։ Լճի մեջ կառուցված լողավազանի հարակից հատվածները քարապատ կամ բետոնապատ են, որոնք երեւում են «Հետքի» կադրերում։

1905 մ նիշը։ Սեւանա լճի ափին կառուցապատումն արգելվում է, եթե շինությունները գտնվում են 1905 մ բացարձակ նիշից ներքեւ։ Շրջակա միջավայրի նախարարությունը տարիներ առաջ սկսել էր գույքագրել այդ նիշից դեպի լիճ ձգվող շինությունները, որպեսզի հետագայում դրանք ապամոնտաժվեին։ Արման Հակոբջանյանի ներկայացրած ՇՄԱԳ նախագծում նշված է, որ «Նախատեսվող հանգստի գոտու տարածքում 1905 մ նիշից ցածր տարածքներում հիմնական/կապիտալ օբյեկտներով կառուցապատում չի նախատեսվում»: Կառուցապատողին պատկանող հողակտորները մի կողմից սահմանակից են Սեւան-Ճամբարակ մայրուղուն, մյուս կողմից՝ Սեւանա լճին։ Հողակտորների՝ լճին հարող սահմաններից դեպի լիճն ընկնող հատվածում տեսանելի են թե՛ բետոնե հիմքով պարիսպները, թե՛ հենապատերը, թե՛ նավամատույցը, թե՛ ապօրինի կառուցված լողավազանը։ Մոտորանավակների համար կառուցված օժանդակ շինությունից դեպի լիճ ելքի ճանապարհը նույնպես բետոնապատ է։

Շինարարությունը թեեւ ավարտվել է 2023 թ․-ին, եւ առանձնատները շահագործվում են, սակայն մինչ օրս դրանք պետական գրանցում չեն ստացել։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ հողատարածքները ծանրաբեռնված չեն որեւէ շինությամբ։ Կարելի է ենթադրել, որ Արման Հակոբջանյանը մինչ օրս չի ստացել ավարտական ակտը, դրա համար էլ շինությունները չեն գրանցվել, իսկ ավարտական ակտը տալիս է համայնքի ղեկավարը, որով հաստատվում է նաեւ, որ շինարարությունն իրականացվել է նախագծի համաձայն։ Բացի այս, Արման Հակոբջանյանը Դրախտիկի 1-ին փողոց 88 հողամասը (նկարում՝ 2) եւ Դրախտիկ 1-ին փողոց 88/3-4 (նկարում՝ 3) հասցեի հողամասերը գրավադրել է «Արդշինբանկում»։

Գործարարը չի ընդունում, որ խախատումներ է թույլ տվել

Արման Հակոբջանյանը «Հետքի» հետ զրույցում վստահեցրեց, որ Սեւանա լճում լողավազան չի կառուցել։ Ըստ նրա, տարածքում միայն մեկ լողավազան է կառուցվել, ինչպես նշված է ՇՄԱԳ նախագծում։ «Լճում կառուցած չի, լողավազան մեկ հատ է, ըստ նախագծի։ Գիտեք, ավելի կարևոր բաներ կան, ընկած եք ավելի ոչ կարևոր բաների հետեւից։ Միակ կառուցապատումն է, որ ես ըստ նախագծի եմ կառուցել։ Եթե  հիմա դուք հետեւեք, ՇՄԱԳ փորձաքննություն ոչ մեկ չունի, ոչ մեկ։ Եթե դուք ուզում եք լուրջ հետաքննություն անեք, մենակ էտի, որ տեսնեք, որ ես մենակ ՇՄԱԳ ունեմ, որ ոչ մի տարածք տան, ոչ մեկ չունի ՇՄԱԳ, Հայաստանում ոչ մեկ չունի, որովհետեւ ես եմ անցել բոլոր փուլերով։ Բոլորը զարմացած էին, դրա համար 1 տարի 8 ամիս ժամանակ է տվել»,- ասաց գործարարը՝ չհամաձայնելով, որ շինարարություն է իրականացրել նաեւ 1905 մ բացարձակ նիշից ներքեւ գտնվող տարածքում։ Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ մինչ օրս Կադաստրի կոմիտեում չեն գրանցվել կառուցված շինությունները, Արման Հակոբջանյանը պատասխանեց, որ խնդիրը տան սենյակների չափագրումների հետ է կապվածը, որը եթե դեռ չի լուծվել, ապա կլուծվի։

«Ես գործարար եմ, ներդրում եմ արել իմ հայրենիքում, իմ տարածաշրջանում, որտեղ ինձ դուր է գալիս։ Չկառուցե՞նք, գնանք ուրիշ տեղ կառուցե՞նք»,- ավելացրեց «Կապավոր» ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը։