15/10/2025

Փաշինյանը վախենում է, բայց ոչ թե սեփական խղճի ձայնից, այլ նրանից, որ իրեն կհայհոյեն

«Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց չենք բարձրաձայնում, որովհետեւ վախենում ենք, առիթ ենք տալու, որ Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն Կառավարությանը։ Վախենում ենք»։

Հրապարակ թերթը գրել է․ (Նիկոլ Փաշինյան, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից)

Ահա այս խոստովանությամբ վարչապետը բացահայտեց իր իշխանության ներկայիս իրականությունը։

Արցախը հանձնելուց, պատերազմի խայտառակ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը չվախեցավ ժողովրդից։ Չվախեցավ հազարավոր զոհերի արյունից, չվախեցավ մայրերի արցունքներից, հայրերի լռությունից, անտեր մնացած երեխաներից։ Չվախեցավ, երբ փլվեց պետության ողնաշարը, երբ խարանվեց ժողովրդի արժանապատվությունը։

Բայց հիմա՝ պետական ապարատի աշխատավարձերի թեմայի շուրջ, հանկարծ վախ է զգում։ Վախենում է բարձրաձայնել այն, ինչի մասին որոշումն արդեն կայացրել է։ Վախենում է, որ հասարակությունը կտեսնի՝ ում է պահում իր հարկերով։

Վախենում է, որովհետև գիտի՝ «կադրերի քաղաքականություն» ասվածը վերածվել է ծաղրի։ Երբ երկրի կառավարման բարձրագույն օղակներում հայտնվում են մարդիկ, որոնց գործունեությունը հասարակության ընդհանուր ծաղրն ու զայրույթն է առաջացնում։ Այդպիսի «կադրերը» ոչ թե բարձր աշխատավարձի, այլ գուցեև անվճար աշխատանքի են արժանի։

Երբ առանց խղճի խայթի իր պաշտոնյաների աշխատավարձերն էր աստղաբաշխական թվերով բարձրացնում, հավելավճարներ շռայլում, չէր վախենում։ Չէ՞ որ այն ժամանակ նախընտրական շրջան չէր, ժողովուրդն էլ դեռ չէր տեսել իր իսկ ընտրած իշխանության իրական դեմքը։ Իսկ հիմա՝ ամեն քայլը վախով է անում։ Վախենում է սեփական ստվերից, սեփական որոշումների արձագանքից։

Այդ նույն ընթացքում երկրում թոշակառուների մեծ մասը գոյատևում է չոր հացի վրա։ Թոշակները վաղուց կորցրել են իրենց արժեքը, մարդիկ հաշվում են ամեն դրամը՝ հացի, դեղի ու կոմունալի միջև ընտրություն անելով։ Իսկ վարչապետը վախենում է բարձրաձայնել, թե ինչ գումարներով է վարձատրում պետական համակարգի իր «կադրերին»։

Այո, Փաշինյանը վախենում է, բայց ոչ թե սեփական խղճի ձայնից, այլ նրանից, որ իրեն կհայհոյեն։ Վախենում է, որովհետև հասարակությունը այլևս տեսնում է պետական ապարատի իրական դեմքերը՝ նրանք, ովքեր իրենց պաշտոնը շփոթել են իշխանության հետ, իսկ իրենց գործը՝ անձնական հարմարավետության հետ։

«Ինչի՞ պիտի լավ կադրը գա Կառավարությունում աշխատի, դուք ինչի՞ պիտի գաք 200 հազարով աշխատեք, դե եկեք, բայց ոչ մեկդ չեք գա։ Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց չենք բարձրաձայնում, որովհետեւ վախենում ենք, առիթ ենք տալու, որ Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն Կառավարությանը։ Վախենում ենք»։

Մնում է ասել՝ հայհոյելուց ինչու՞ ես վախենում, ութ տարի հայհոյում են…