16/10/2025

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններին Մոսկվայի մասնակցության խնդիր ունի

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Կրասնոյարսկի և Ստավրոխպոլի երկրամասերում հրեական պաշտամունքի օբյեկտների դեմ ահաբեկչություն է կանխել:

Ըստ ԱԴԾ մամուլի ծառայության` Կրասնոյարսկում ձերբակալվել է ծագումով Կենտրոնական Ասիայից երկու անձ, որ նախապատրաստվում էին տեղի սինագոգում պայթյուն իրականացնել:

Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի: Նա մտադրվել էր տեղի հրեական մշակույթի տունը հրկիզել: ՌԴ ԱԴԾ-ն փաստական հաղորդագրությունն ուղեկցել է քաղաքական բնույթի մեկնաբանությամբ, ըստ որի՝ կազմակերպիչները թեև հանդես են եկել ի պաշտպանություն Պաղեստինի, իրականում զանգվածային հակահրեական շարժում հրահրելու նպատակ են ունեցել՝ ինչպես 2023 թվականին իրականացրել են Դաղստանում:

Դաղստանում, ինչպես հայտնի է, հազարավոր երիտասարդներ ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայանի տարածք և փորձել հաշվեհարդար տեսնել Իսրայելից թռիչքի ուղ7որների հետ: Բախումները շարունակվել են մի քանի օր: Այդ ակցիան իրականացվել է որպես Գազայում Իսրայելի հարձակումների դեմ բողոք:

Ներկայումս, կարծես, իսրայելա-պաղեստինյան կարգավորման հույս կա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «վերջնագրից» հետո ՀԱՄԱՍ-ը վերադարձել է բանակցությունների սեղանի շուրջ, կողմերը Եգիպտոսի մայրաքաղաքում քննարկում են իսրայելցի պատանդների, մահացածների աճյունների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակման պայմանների հարցը:

Իսրայելա-պաղեստինյան բանակցություններից, ինչպես հասկացվում է օժանդակող երկրների մասին ԱՄՆ նախագահի սոցցանցային գրառումից, որտեղ նա շնորհակալություն է հայտնում Իսրայելի հարևան արաբական և մուսուլմանական մի քանի երկրների, Ռուսաստանը դուրս է մնացել:

Մոսկվան խորհրդային ժամանակներից Մերձավոր Արևելքում մեծ ազդեցություն է ունեցել: Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի տապալումը, Իրանի պրոքսի խմբավորումների ռազմական անհաջողությունները, երևում է, Ռուսաստանի մերձավորարևելյան քաղաքականությանը լրջագույն հարված են հասցրել: Ընդ որում` տուժել են առաջին հերթին իսրայելա-ռուսաստանյան հարաբերությունները:

Հրապարակայնացնելով, որ Ռուսաստանում հակահրեականություն կա, Վլադիմիր Պուտինը, հավանաբար, Նաթանյահուին զգուշացնում է. որ հրեական համայնքները խնդիրներ կունենան: Արտերկրում հայրենակիցների ճակատագիրն Իսրայելի ցանկացած կառավարության համար չափազանց զգայուն խնդիր է:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններին Մոսկվայի մասնակցության խնդիր կդնի՞: