15/10/2025

Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը ծնվել են 10 տարվա տարբերությամբ, նույն՝ Տավուշի մարզում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը ծնվել են 10 տարվա տարբերությամբ, նույն՝ Տավուշի մարզի տարածքում, խորհրդային ժամանակաշրջանում հարեւան՝ Իջեւանի ու Նոյեմբերյանի շրջաններում:

Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանը՝ Իջեւան քաղաքում, Մուստաֆաեւը` դրանից մոտ 50 կմ հեռավորությամբ Ջուջեւան գյուղում։ Շահին Մուսաֆաեւը ծնվել ու մեծացել է հայկական միջավայրում, 2024 թվականին, որպես սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողովի համանախագահ, ղեկավարել է սահմանազատման անվան տակ, ապօրինի, միակողմանի կերպով Կիրանց գյուղից ավելի քան 15 հեկտար հողերի` Ադրբեջանին հանձնելու գործընթացը։

Հոգեբաններն ասում են` ամեն ոք ու ամեն ինչ գալիս է մանկությունից, մանուկ հասակում է մարդը ձեւավորվում։ Շահին Աբդուլլայի Մուստաֆաեւը ծնվել է 1965-ին՝ Նոյեմբերյան քաղաքի հարեւանությամբ գտնվող Ջուջեւան գյուղում, անասնապահի ընտանիքում։ Նա տան միակ տղա երեխան էր։ Ջուջեւանում, բացի Մուստաֆաեւներից, ադրբեջանցի այլ ընտանիք չկար։ Ջուջեւանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Եղիշե Պետրոսյանը եւ իր ընկերները մանկության տարիներին շատ են խաղացել իրենց հասակակից Շահին Մուստաֆաեւի հետ, նրա հետ ընկերություն արել: Նրան այդ ժամանակ հայկական ձեւով Շահեն էին կոչում, Ադրբեջանում նա դարձավ Շահին: Եղիշե Պետրոսյանը Նոյեմբերյանի Կարմիրգյուղ սարում լուսանկարել է 1979 թվականին 14-ամյա Շահենի կողմից ծառի բնին կատարած փորագրությունը: Ադրբեջանի ապագա փոխվարչապետը սարում հաճարենու վրա կացնով իր անունն է փորագրել հայատառ եւ հայկական ձեւով՝ «Շահեն»: Անասնապահի որդին գերազանց էր սովորում։

Ջուջեւանի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության բազմավաստակ, երկարամյա ուսուցչուհի Անուշ Ալեքսանյանը լավ է հիշում իր աշակերտին: Պատմում է, որ մի առավոտ Շահենը դասի է գնացել աչքերը կարմրած։ Ալեքսանյանը նրան հարցրել է պատճառը։ Շահենն ասել է․ «Ողջ գիշերը չեմ քնել, կարդացել եմ Ստեփան Զորյանի «Հայոց բերդը», իմ դասընկերներն այն արդեն կարդացել էին, ես չէի կարդացել»։ Ջուջեւանցիներն ասում են նաեւ, որ Շահենի քույրերից մեկը, ի տարբերություն եղբոր, հայերի ու Հայաստանի նկատմամբ լոյալ չէր, դպրոցում «Հայաստան» անվանումը մշտապես դիտավորյալ փոքրատառ էր գրում։

Գերազանցությամբ ավարտելով Ջուջեւանի 8-ամյա դպրոցը՝ Շահին Մուստաֆաեւը կրթությունը շարունակել է Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որը եւս գերազանցությամբ է ավարտել։ Նա երկու տարի սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, ապա սկսվել է արցախյան շարժումը։ Տավուշի մարզից սերված վաղեմի ծանոթս, որը, վախենալով իր անվտանգության համար, չի ցանկանում, որ անունը նշվի, ասում է, որ լավ է հիշում 1988թ․ փետրվարի 20-ին Երեւանի Օպերայի հրապարակում կայացած հանրահավաքում ուսանող Շահին Մուստաֆաեւի ելույթը. «Ես վկա եմ եղել 1988թ․ փետրվարի 20-ին, ժամը 22-ին Ազատության հրապարակում Շահին Մուստաֆաեւի ելույթին։ Իր ելույթում նա կրկնեց Խորհրդային Ադրբեջանի ղեկավար Նարիման Նարիմանովի 1920թ․ դեկտեմբերի 2-ի ուղերձը հայ ժողովրդին, որտեղ նշվում էր, որ Նախիջեւանը, Զանգեզուրը եւ Ղարաբաղը հայկական տարածքներ են, այլեւս մեր միջեւ վիճելի տարածքներ չկան։ Շահինը նաեւ նշեց, որ Ղարաբաղը հայկական տարածք է, եւ Ղարաբաղի ժողովրդի պայքարն արդարացի է»:

Մուստաֆաեւների ընտանիքը Հայաստանից հեռացավ Սումգայիթի դեպքերից հետո, Շ․ Մուստաֆաեւը 1989-ին ավարտել է Լինինգրադի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 1990-ին Բաքու մեկնելով՝ նա տեղի շինարարական ընկերություններից մեկում գլխավոր խորհրդատու է եղել, 1992-ից աշխատել է Բաքվի հարկային տեսչությունում ու աստիճանաբար, անշեղորեն բարձրացել է պաշտոնական սանդուղքով։ 2008 թվականին Շ․ Մուստաֆաեւը նշանակվել է Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար, 2019-ից Ադրբեջանի փոխվարչապետն է։ Հայկական գյուղում ծնված, հայկական կրթություն ստացած, հայկական դպրոցը գերազանց ավարտած, Երեւանի Օպերայի հրապարակում խիստ հայամետ ելույթ ունեցած Շահին Մուստաֆաեւը հետո փոխակերպվեց, դարձավ Ադրբեջանի ամենահաջողված ղեկավարներից մեկը, իսկ Իջեւանում, ֆիզկուլտուրայի ուսուցչի ընտանիքում ծնված-մեծացած, 13 տարեկանում՝ 1988-ին «Արցախ» բանաստեղծություն գրած, դրա մեջ որպես «քաջարի մարտիկ»` Արցախի համար կռվելու պատրաստակամություն հայտնած Նիկոլ Փաշինյանը հանուն պաշտոնի ու փողի փոխակերպվեց, դարձավ Արցախը հանձնող, Արցախն ատող հակահայ մեկը, որը 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտարարությամբ հրաժարվեց Արցախից եւ հիմա հայտարարում է, որ Արցախի, արցախցիների հետվերադարձի թեման փակված է։