Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, առաջին հայ կին աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հայտարարել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ստեղծման մասին։
Հիմնադրամը կոչված է խթանելու առողջ կենսակերպը Հայաստանում, զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները և ներգրավելու հասարակության բոլոր շերտերին ֆիզիկական ու հոգեբանական զարգացման համապարփակ գործընթացում։
Նազիկ Ավդալյանը, որը միջազգային հարթակներում նվաճած իր հաղթանակներով դարձել է ոգեշնչման աղբյուր հազարավոր հայերի համար, վստահ է․ «Սպորտը ոչ միայն մարմնի, այլև հոգու ուժի ձևավորում է։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա, երիտասարդ կամ մարզիկ պետք է ունենա հավասար հնարավորություն զարգանալու, ուժեղանալու և հաղթելու՝ անկախ իր պայմաններից կամ բնակության վայրից»։
«Հիմնադրամի գործունեության առանցքում առողջ ապրելակերպի տարածումն ու հանրային իրազեկվածության բարձրացումն է։ Այն նպատակ ունի զարգացնել սպորտային ենթակառուցվածքները, ստեղծել մարզասրահներ և վերականգնողական կենտրոններ, ներգրավել սոցիալապես խոցելի խմբերի, սահմանամերձ և գյուղական համայնքների երիտասարդներին սպորտում։ Հիմնադրամը նախաձեռնելու է նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, մրցաշարեր և միջազգային փորձի փոխանակման նախաձեռնություններ, ինչպես նաև կնպաստի սպորտային հոգեբանության զարգացմանը»,-նշում է Ավդալյանը։
Նրա խոսքով՝ հիմնադրամի առաքելությունն է ձևավորել ֆիզիկապես ու հոգեպես առողջ հասարակություն, որտեղ սպորտը դիտվում է ոչ միայն որպես հաղթանակի միջոց, այլև որպես կյանքի որակ բարձրացնող ուժ և հասարակական համերաշխության գործիք։ Հիմնադրամի գործունեությունը համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և ուղղված է սոցիալական ներառականության, համայնքային կայունության և հավասար հնարավորությունների ապահովմանը։
Շահառուների շրջանակը ներառում է Հայաստանի հասարակության լայն շերտերը՝ անչափահասներից և սիրողական մարզիկներից մինչև պրոֆեսիոնալ մարզիչներ, սպորտային բժիշկներ ու սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ։
«Սպորտը մեր ազգային ինքնության և առողջ ապրելակերպի առանցքային մասն է։ Սակայն մարզերում ենթակառուցվածքների բացակայությունը, հոգեբանական աջակցության սահմանափակ հասանելիությունը և երիտասարդների շրջանում ֆիզիկական ակտիվության նվազումը ցույց են տալիս, որ ժամանակն է նոր ու համակարգային մոտեցման։ Մենք գալիս ենք լրացնելու այդ բացերը և ստեղծելու ապագա հաղթանակների ամուր հիմք։ Առաջին խոշոր ծրագիրը կյանքի կկոչվի Շիրակի մարզի Արթիկի խոշորացված համայնքի Փանիկ գյուղում, որտեղ կառուցվելու է ժամանակակից մարզադպրոց՝ լիարժեք ենթակառուցվածքներով, համապատասխան միջազգային չափանիշներին։ Այս նախագիծը ոչ միայն մարզական համալիր է, այլև համայնքային զարգացման և կրթության կենտրոն։ Այն կոչված է խթանելու մարզական ակտիվությունը, առողջ ապրելակերպը, համայնքային ներգրավվածությունը և սոցիալական ներառումն՝ ամբողջ Շիրակի մարզում և հարակից տարածքներում»,-նշում է Նազիկ Ավդալյանը։
Մարզերում ապրող երեխաները հաճախ ավելի ֆիզիկապես ամրակազմ են, դիմացկուն, վճռական։ Սակայն այդ ռեսուրսը հաճախ մնում է չնկատված և չօգտագործված։ Ավդալյանը փաստում է՝ մենք չենք կարող թույլ տալ, որ այս պոտենցիալը կորի։
Սպորտը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ այս երեխաները կբացահայտեն իրենք իրենց, կձևավորեն առաջնորդական հատկանիշներ, և կսովորեն պայքարել ու հաղթել՝ ոչ միայն մարզադահլիճում, այլև կյանքում։
Բաց մի թողեք
Ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել․ Հայկ Դեմոյան
Իրեն խենթացնող տիեզերքի առեղծվածները, դրանց գաղտնագրերի բացահայտումները․ Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրն է
Ժաննա Անդրեասյանն աշխատանքից ազատել է վարչության պետ Արմենուհի Պողոսյանին և բաժնի պետ Կարեն Մանուկյանին