15/10/2025

Պուտինը կպաշտոնազրկի՞ Սերգեյ Լավրովին, եթե դա տեղի չունենա, ապա ․․․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբերում ԱՊՀ գագաթնաժողովի հրապարակային ելույթում առնվազն երկու չափազանց սկզբունքային հարցում հնչեցրել է ԱԳՆ ներկայացուցիչների ավելի վաղ հնչեցրած կարծիքներին տրամագծորեն հակառակ տեսակետներ:

Խոսելով ուկրաինական կարգավորման մասին, նա, ինչպես ՌԻԱ Նովոստին է մեջբերել, բառացիորեն հետևյալն է ասել. «Ուկրաինայում կարգավորման մեր վերջին աշխատանքն, անկասկած, մենք կառուցում ենք այն սկզբունքային դրույթների վրա, որ քննարկել ենք Ալյասկայում»:

Խոսքն օգոստոսի 15-ին Անքորիջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկած «սկզբունքային դրույթների» մասին է: Մինչդեռ երկու օր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռյաբկովը միանշանակորեն հայտարարել է, որ «ուկրաինական կարգավորման Ալյասկայի ազդակն սպառված է»:

Վլադիմիր Պուտինը խոսել է նաև Գազայում հրադադարի հաստատման մասին: Նրա խոսքերով, Ռուսաստանը սատարում է խաղաղության հաստատման բոլոր ջանքերին: «Նախագահ Թրամփը հանդես է եկել Գազայի կարգավորման նախաձեռնությամբ, որ մենք ի սկբզբանե պաշտպանել ենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Գազայում հրադադարի հաստատման Թրամփի ծրագրի հրապարակայնացումից ժամեր անց, սակայն, ՌԴ արտգործնախարար Լավրովը ՏԱՍՍ-ի հարցին, թե Մոսկվան ի՞նչ դիրքորոշում ունի,- պատասխանել է, որ «մանրամասնություններին տեղյակ չեն»:

Հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինն, ըստ էության, չեղարկել է Ուկրաինայի և Գազայի կարգավորման մասին Ռյաբկովի և Լավրովի, այսինքն՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունները:

Նման դեպքերում, երբ որևէ գերատեսչության և պետության ղեկավարի գնահատականները, դրանց հիման վրա ձևակերպված պաշտոնական հայտարարությունները միմյանց հակասում են, ապա հետևում է վրիպում թույլ տված պաշտոնյայի հրաժարականը:

Վլադիմիր Պուտինը կպաշտոնազրկի՞ Սերգեյ Լավրովին: Եթե դա տեղի չունենա, ապա Գազայի կարգավորման Թրամփի ծրագրին աջակցելու կամ այն պաշտպանելու մասին Ռուսաստանի նախագահի հայտարարությանը որեւէ երկրի առաջնորդ, առաջին հերթին՝ ԱՄՆ նախագահը չի հավատա:

Ինչպես նաև շատ դժվար կլինի Վաշինգտոնի հետ «վերագործարկել Ալյասկայի ազդակը»: