14/10/2025

Արամուսում ամուսինները գնացել են գազար հավաքելու, այդ ընթացքում 61-ամյա տղամարդը հրազենով սպանել է նրանց

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել են Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին:

Կասկածյալը հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այսօր սպանության կասկածանքով հայտաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն են, այնուհետև ստահակը իմացել է որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց և իր սև գործը կատարել, ապա դիմել փախուստի:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել է իր անվամբ գրանցված որսորդական հրացանից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դաշտում հայտնաբերվել են տղամարդու ու կնոջ դիեր:

Ամուսինների սպանության բացահայտման մասին պաշտոնապես հայտնել է ՆԳՆ-ն:

ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է.

«Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։

Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են»: