14/10/2025

Կարեն Կարապետյանն իր խարիզմայով կարող է դառնալ այն լուսավոր կետը, որից ժողովրդին հնարավոր չի լինի հետ պահել

ՔՊ-ի վերին օղակներում քննարկում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու հարցը, քանի որ կան տեղեկություններ, որ նա է ղեկավարելու «Մեր ձեւով»-ի ցուցակը` որպես վարչապետի թեկնածու։

Եթե  Կարեն Կարապետյանի գալու հետ կապված անգամ մեկ տոկոս ճշմարտություն լինի, ՔՊ-ն քուն ու դադարը պիտի  կորցրած լինի։ Ո՜նց կարելի է չհիշել, որ Կարեն Կարապետյանն ի՜նչ դրայվ, հաճելի վիճակ էր առաջացրել, երբ ձիու վրա էր՝ Հայաստանում զբաղեցնում էր բարձր պաշտոններ։ Գեներալ Սեյրան Սարոյանի խոսքն եմ հիշում, որ նրա մասին ասում էր՝ «Սաղդ էլ սիրում եք իրան»։

Կարեն Կարապետյանը ներառվել էր ամենագրավիչ քաղաքական գործիչների շարքում։ Նա աղջիկների ու կանանց ֆավորիտն էր՝ իր կապույտ ու մոխրագույն կոստյումներով ու նորաոճ փողկապներով։ Նրա անսահման խարիզման, ինքնավստահությունն անգամ ընդդիմադիր կանայք էին ընդունում։

Այս իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանի հետ  կապված ամեն ինչ գորշ ու մռայլ է թվում, Կարեն Կարապետյանն ուղղակի հակառակ ազդեցությունը կարող է ունենալ։ Փաշինյանի հայհոյանքների ու մյուս արատների ֆոնին Կարեն Կարապետյանն իր խարիզմայով կարող է դառնալ այն լուսավոր կետը, որից ժողովրդին հնարավոր չի լինի հետ պահել։

Փաշինյանը  դա հասկանում է և ամեն ինչ կանի, որ, ինչպես կանայք էին նրան անվանում, «Սիմպո տղան» չխառնի խաղաքարտերը։