15/10/2025

Որքանո՞վ են լուրջ Փաշինյանի ստացած առաջարկներն ու հնչեցրած հայտարարությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, վերջին երկու տարիներին պարբերաբար խոսում է մոդուլային ատոմակայան կառուցելու մասին, բայց ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե որ երկրի հետ է այն կառուցելու:

Հրապարակ թերթը գրել է․ Նա կայանի մասին խոսում է ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում, հաշվի չառնելով, որ սրանք այնքան էլ բարեկամական երկրներ չեն: Եվ ՀՀ վարչապետի չկողմնորոշվածությունը կարող է նյարդայնացնել երկուսին էլ:

Սեպտեմբերի 25-ին Մոսկվայի «Համաշխարհային ատոմային շաբաթ» կոնֆերանսի ժամանակ նա ՌԴ եւ Բելառուսի նախագահների, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի, այլ բարձր պաշտոնյաների ներկայությամբ ասաց, որ նոր մոդուլային ատոմակայանի նախագծերով համագործակցում է Ռուսաստանի հետ:

«Մենք այժմ աշխատում ենք եւ փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր՝ փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, եւ, իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ: Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ»,- նշել էր Փաշինյանը: Իսկ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի  նախաստորագրումից հետո Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանի հետ կիսվել մոդուլային ատոմակայանների եւ վերականգնվող էներգիայի կուտակման տեխնոլոգիաներով։

Թերեւս դա էր պատճառը, որ Պուտինը կարծես չնկատեց Փաշինյանի մոսկովյան ելույթի այդ հատվածը: Ասում են՝ ՌԴ-ում ծանր են տանում այն, որ Փաշինյանը նույն տեքստերն է ասում ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Վաշինգտոնում։ Իսկ Մոսկվա-Նյու Յորք-Ստրասբուրգ վոյաժներից հետո էլ ԱԺ-ում նույն Փաշինյանը ստիպված եղավ բացատրություն տալ, քանի որ հարցադրումները, թե ում հետ է ի վերջո Հայաստանը համագործակցելու նոր կայան կառուցելու հարցում, արդեն հնչում են նաեւ միջազգային մամուլում: «Մենք մեր բոլոր գործընկերներին, որոնք նման տեխնոլոգիա ունեն կամ կարող են ունենալ, բոլորին հարցրել ենք, ասել ենք՝ դուք կնեղսրտե՞ք, որ այս թեման քննարկենք մյուսների հետ, բոլորն ասել են՝ ոչ:

Որովհետեւ, երբ ես գնում եմ Մոսկվա, ասում են՝ վերջ, ուրեմն որոշվել է, որ Ռուսաստանի հետ է կառուցվում, ԱՄՆ-ի հետ հուշագիր ենք ստորագրում ու նոր գնում Մոսկվա, ասում են՝ ինչի՞ գնացին Մոսկվա, գնում ենք Չինաստան, ասում են՝ բա չհասկացանք: Մենք ուզում ենք ստանալ առաջարկներ եւ մենք այսօր նման խոսակցություն ունենք ե՛ւ ԱՄՆ-ի հետ, ե՛ւ Ռուսաստանի հետ, ե՛ւ Չինաստանի, ե՛ւ Հարավային Կորեայի հետ, ե՛ւ Ֆրանսիայի հետ: Մենք ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չենք դնում, մենք ասում ենք՝ կոմերցիոն եւ տնտեսական շահավետության առումով մենք պետք է նայենք՝ որ առաջարկն է մեզ ձեռնտու, եւ ընտրություն կատարենք ըստ այդմ»,- ասել է Փաշինյանը:

Արդյոք չկա՞ քաղաքական կոմպոնենտ միջուկային կայան կառուցելու գործում, եւ որքանո՞վ են լուրջ Փաշինյանի ստացած առաջարկներն ու հնչեցրած հայտարարությունները․ զրուցել ենք էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանի հետ: «Այն, ինչ որ ասում է իշխանությունը, սուտ է: Հայաստանը ցանկացած կայան կառուցելու հարցում ոչ մի երկրից համաձայնություն ոչ մեկից չունի՝ ո՛չ Ռուսաստանից, ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ էլ Չինաստանից: Ավելի շատ սա փիառ է, աղմուկ, թե իբրեւ բանակցություններ են վարում եւ չգիտեն, թե որն ընտրեն: Այս ամբողջը մի մեծ սուտ փիառ կամպանիա է: Այսօրվա վարչախմբի կողմից չկա անգամ որոշում, թե մեզ ինչ է պետք, բայց կա դրա շուրջ աղմուկ: Գնում են, իբր խոսում են, անուններ են տալիս: Իրականում Հայաստանի սեղանին ոչ մի առաջարկ չկա»:

– Բայց Բելառուսի նախագահը Մոսկվայում՝ ատոմային ֆորումի ժամանակ, առաջարկել էր Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցում սկսել, նույնիսկ պարծենալով, որ Բելառուսն ատոմակայաններ կառուցելու հմտություններ ունի: Սա հաղորդվեց պաշտոնապես: Սա է՞լ է սուտ: 

– Այո: Դա էլ է սուտ: Միջուկային ռեակտորներ արտահանելու իրավունք աշխարհում ունի երեք երկիր՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Չինաստանը մինչեւ վերջ այդ փաստաթղթերը չի պատրաստել: Բելառուսն ընդհանրապես չի տիրապետում ատոմային տեխնոլոգիաներին եւ ոչինչ չի կարող կառուցել:

– Տեղեկություն ունենք, որ Ռուսաստանում նյարդայնացած են Փաշինյանի պահվածքից: ԱՄՆ է գնում, ասում է՝ ձեզ հետ ենք կառուցելու կայան, հետո, թե՝ ՌԴ-ի:  Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Լուրջ մասնագիտական շրջանակներում՝ լինի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, բոլորը խնդիրը հասկանում են: Նա ոչ մեկին էլ չի ներվայնացնում, ավելի շուտ՝ ծիծաղ է առաջացնում: Նա չի կարող միջազգային ասպարեզում մարդկանց խաբել: Կարող է փորձել, բայց միջուկային էներգետիկան շատ նեղ ու խոր մասնագիտական ոլորտ է, եւ այդտեղ խաղեր տալու մեծ դաշտ չկա: Մոդուլային կայան կոչվածը դեռ աշխարհի ոչ մի երկրում չկա: Մի հատ կա ԱՄՆ-ում, բայց դեռ լիցենզավորված չէ:

– Ռուսաստանում կա, չէ՞, լիցենզավորված լողացող փոքր կայան: 

– Դա փոքր ռեակտոր է, դա մոդուլային կայան չէ: Ռուսները հիմա փոքր ռեակտոր կառուցում են Ուզբեկստանում, Ուզբեկստանի հետ ունեն պայմանագիր: Մոդուլային կայաններ չեն կառուցում, այդ տերմինն էլ են սխալ օգտագործում:

– Տպավորություն է, որ վարչապետը չի պատկերացնում, թե ինչ է ուզում կառուցել:

– Բայց նա ի՞նչ է պատկերացնում, որ դա պատկերացնի: Նա 7 տարի իշխանության է, դեռ երկիրը կառավարել չի սովորել, ուր մնաց՝ մոդուլային կայանից հասկանա:

– Փաշինյանն ասում է, որ մոդուլային ատոմակայան կառուցելու մեջ քաղաքական կոմպոնենտ չկա, կարեւոր չէ, թե ում հետ ենք այն կառուցում, կարեւորը գինն է, որ մեզ համար շահավետ լինի: Իրոք, չկա՞ քաղաքական կոմպոնենտ: 

– Իհարկե, կա հստակ քաղաքական կոմպոնենտ: Դուք չեք կարող մեկից ռեակտոր վերցնել, կառուցել, դրանք փակ տեխնոլոգիաներ են: Սկսենք նրանից, որ մոդուլային կայանների գինը ոչ ոք չգիտի, որովհետեւ այն դեռ չկա: Ռեակտորները թանկ են, սկսում են 5,5 մլրդ դոլարից, իսկ փոքր կայաններն ինչ գնի են, չգիտեմ: Այդպիսիք չինացիներն են կառուցել: Ես ժամանակին դրանցով հետաքրքրվել եմ, չինացիների հետ աշխատել եմ, բայց դրանք այնքան էլ փոքր չեն, 600 մեգավատ հզորության են:

– Տերմինների խառնաշփո՞թ է, եւ մերոնք հստակ չե՞ն հասկանում, թե ինչ են ուզում:

– Այն, որ վարչապետը չի հասկանում, դեռ ոչինչ, բայց նրա շրջապատում էլ չկա մեկը, որն իրեն խորհուրդ տա: Դիլետանտիզմն այս մարդկանց քաղաքական վարքի մեջ է: Ոչինչ չգիտեն, բայց մի բանում շատ հաջողված են՝ աղմուկի ու փիառի հարցերում: Կարողանում են տպավորություն ստեղծել, թե քնում-արթնանում են, մտածում են՝ ոնց Հայաստանում նոր ռեակտոր ստեղծեն: Աղմուկը կա, բայց Հայաստանը նոր ռեակտոր կառուցելու հարցում ոչ մի թիզ առաջ չի գնացել: Ոնց որ զրոյական կետում եղել է, այդտեղ էլ մնացել է:

– Եվրոպան ու Թուրքիան շարունակում են նոր պահանջներ դնել, որ ատոմակայանը փակեք, հնարավո՞ր է, որ սա փակելու տարբերակն է:

– ԵՄ-ն, Թուրքիան պահանջում են ատոմակայանը փակել, որպես այլընտրանք ոչինչ չառաջարկելով: Ընդամենը ժամանակին առաջարկել են 300 մլն դոլար, որով դու ոչինչ չես կարող անել: Իսկ Հայաստանին պետք է նոր ռեակտոր, բայց ոչ թե փոքր ռեակտոր, այլ մի հատ մեծ ռեակտոր Մեծամորում, որը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի էներգիայի արտահանմանը: Հայաստանը կդառնա տարածաշրջանում էլեկտրաէներգիայի խոշոր արտահանող, ինչը բխում է մեր շահերից: Ե՛վ Իրան, ե՛ւ Վրաստան կարող ենք արտահանել, նույնիսկ՝ Ռուսաստան: