Շարմ էլ Շեյխի «Խաղաղության գագաթնաժողովի» շուրջ դրական տպավորությունների և, մանավանդ, թուրքական մամուլի ոգևորվածության ֆոնին գրեթե աննկատ է մնում այդ միջոցառման հետ կապված մի չափազանց նուրբ հանգամանք:
Բանն այն է, որ ԱՄՆ և Եգիպտոսի առաջնորդների հրավերով գագաթնաժողովին մասնակցել է նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդոսը: Ընդ որում, ինչպես Շարմ էլ Շեյխ մեկնելուց առաջ լրագրողներին ասել է նա, մինչ այդ տեղի է ունեցել Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույց, որի ընթացքում Խրիստոդուլիդոսը երաշխավորել է, որ Կիպրոսի տարածքով Գազա մատակարարվող բոլոր բեռները «կենթարկվեն մանրազնին ստուգման»:
Կիպրոսի նախագահը լրագրողներին նաև ասել է, որ երկիրը «Գազայում վերականգնողական ծրագրերին ամենահնարավոր մասնակցություն կունենա՝ համագործակցելով առաջին հերթին Եգիպտոսի հետ»:
Թուրքիան, ինչպես հայտնի է, Կիպրոսի ամբողջականությունը չի ճանաչում և, ինչպես թուրքական կողմն է ձևակերպում, «կղզու հունական մասի վարչակազմի» հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Գազայում պատերազմի դադարեցման և հետագա բարեկարգման համաձայնագիրն ստորագրել են ԱՄՆ, Եգիպտոսի և Թուրքիայի նախագահներն ու Կատարի էմիրը:
Այդ երկրներն էլ, ամենայն հավանականությամբ, կձևավորեն Գազայի վերականգնման և կառավարման «խորհուրդ», որ, հավանաբար, կվերահսկի նաև հրադադարի պահպանումը: Հետպատերազմական Գազայում վերականգնողական աշխատանքներին Կիպրոսի մասնակցության հարցն, ըստ այդմ, պետք է կարգավորվի նաև Թուրքիայի համաձայնությամբ:
Ընդ որում, որքանով հասկացվում է Կիպրոսի նախագահի և Իսրայելի վարչապետի միջեւ «Խաղաղության գագաթաժողովի» նախօրեին կայացած հեռախոսազրույցից, Նաթանյահուն ոչ միայն դեմ չէ Գազայում Կիպրոսի ներկայությանը, այլև ձգտում է նրա միջոցով որոշակի վերահսկողություն պահպանել դեպի պաղեստինյան անկլավ բեռնափոծադրումների նկատմամբ:
Ստեղծվում է կամ հնարավոր է ստեղծվի իրավիճակ, երբ ԱՄՆ-ի «միջնորդությամբ» Թուրքիան հարկադրված լինի հաղթահարել «տաբուն» և որոշակի շփումներ հաստատի Կիպրոսի իշխանությունների հետ:
Դա կարող է զգալիորեն նսեմացնել Էրդողանի փառաբանված «դիվանագիտական հաղթանակը», որի շուրջ նա ակնհայտորեն փորձում է համախմբել թուրքախոս պետություններին: Ինչպե՞ս է նա մարսելու այդ «սուր մանանեխը»՝ ցույց կտա ժամանակը:
Բաց մի թողեք
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»
Մեդվեդևը սպառնացել է, որ «դա վատ կավարտվի բոլորի համար»