15/10/2025

Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային հատկացնել մինչև 50 միավոր Tomahawk հրթիռներ

Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային հատկացնել մինչև 50 միավոր Tomahawk հրթիռներ: Այդ մասին, հղում անելով Financial Times-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նման տեսակետ հայտնել է ԱՄՆ պաշտպանական ծրագրերի տնօրեն Սթեյսի Փեթիջոնը:

Պենտագոնի նախկին աշխատակից Մարկ Քանչիանն իր հերթին ասել է, որ ներկայումս ԱՄՆ ունի 4150 Tomahawk և Կիևին կարող է հատկացնել ընդամենը մի քանի միավոր, որ պատերազմի ընթացքի վրա էական ազդեցություն չեն գործի:

Ընդսմին` նա ավելացրել է, որ եկող տարվա ռազմական ծախսերով նախատեսվում է այդ կարգի հրթիռների քանակն ավելացնել ընդամենը 57 միավորով:

Այս և նույնաբովանդակ այլ հրապարակումներն արվում են մի փուլում, երբ Մերձավոր Արևելք մեկնելուց առաջ Դոնալդ Թրամփը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ:

Վերջինս հոկտեմբերի 13-ին լրագրողներին ասել է, որ հերթական անգամ ուղևորվում է Վաշինգտոն: Ըստ տեղեկությունների`ԱՄՆ նախագահի հետ նրա հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 17-ին:

Ռուսաստանյան մամուլը վերջին մի քանի օրերին կենտրոնացած է օգոստոսի 15-ին Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպման «պայմանավորվածությունների» քարոզչության վրա: Ըստ աղբյուրների, Վլադիմիր Պուտինը Դուշանբեում ԱՊՀ որոշ երկրների առաջնորդների ներկայացրել է փոխզիջումների սահմանը, որի շուրջ պայմանավորվել է Դոնալդ Թրամփի հետ:

Այս տեսակետն ամրապնդվում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությամբ, որ Թրամփը բլեֆ է անում, Ուկրաինան ոչ մի դեպքում Tomahawk հրթիռներ չի ստանա: Լուկաշենկոն, անշուշտ, ԱՊՀ առաջնորդներից միակն է, որ ավելի իրազեկված է Պուտինի ծրագրերից:

Ըստ երևույթին` իրատեսական պետք է գնահատել փորձագիտական տեսակետը, որ Ուկրաինային Tomahawk մատակարարելու մասին Թրամփի հայտարարությունը մի նպատակ է հետապնդում՝ հարկադրել, որ Ռուսաստանի նախագահը գաղտնազերծի Անքորիջի պայմանավորվածությունները:

Բացառված չէ, որ Թրամփն առաջիկա ուրբաթ օրը Զելենսկուն կընդունի, որպեսզի նրան ներկայացնի Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ընդհանուր առմամբ, եթե, իհարկե, արեւմտյան մամուլի տեղեկությունները գոնե մոտ են իրականությանը, խոսքն այն մասին է, որ Պուտինը կարող է համաձայնել զորքերի շփման գծով հրադադարի հաստատմանը, եթե Ղրիմի հարցը դուրս է բերվում ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացից:

Ուկրաինայի նախագահին, այսպիսով, շատ բարդ ընտրություն է սպասվում: