19/10/2025

Ռամիզ Մեհթիևին «մատնել է Վլադիմիր Պուտինը», օգտագործել, հանձնել է Ալիևին՝ «գլխատման»

Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևին Դուշանբեի հանդիպման ընթացքում «մատնել է Վլադիմիր Պուտինը»:

Իլհամ Ալիևի շրջապատից լրատվամիջոցին ասել են, որ Մեհթիևն իր «մշտական առաջարկություններով ձանձրացրել է Պուտինին, նա էլ որոշել է բացահայտել խռովարարների գաղտնիքը»:

Ըստ տեղեկությունների, Մեհթիևը ծրագրել է «ուժով զավթել իշխանությունը և անցումային շրջանում ստեղծել Պետական խորհուրդ, որը պետք է գլխավորեր ինքը»: Գործակալությունը հիշեցնում է, որ ամռանը տեղեկություն է տարածվել Մեհթիևի կողմից Բաքվի Նովխանի ավանում կազմակերպված «խորհրդավոր ընթրիքի մասին, որին մասնակցել են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ»:

Այլ լրատվամիջոցների տեղեկացվածությամբ, մոտակա օրերին «կարող են տեղի ունենալ աղմկահարույց ձերբակալություններ»: Հավանական է համարվում, որ բերման կենթարկվեն Ազգային անվտանգության նախկին նախարար Մահմուդովը, ԱԳ նախկին նախարար Մամեդյարովը, մշակույթի նախկին նախարար Գարաևը, Միլլի մեջլիսի նախկին խոսնակ Ասադովը և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Սադիկովը:

APA-ն գրում է, որ առայժմ «հայտնի չէ, թե ուժային կառույցների գործող ղեկավարներից որևէ մեկը խռովության կազմակերպիչների հետ կապ ունեցե՞լ է»,- ինչից հասկացվում է, որ Պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նաղիևն առնվազն կասկածի տակ է:

Եթե Մեհթիևի «զինված խռովության» մասին տեղեկությունը հորինվածք չէ և այդ մասին Ալիևին իրոք տեղեկացրել է Պուտինը, ապա հետևում է, որ կամ Նաղիևը խռովության մասնակից է, կամ նրա գլխավորած ծառայությունը ներքին իրավիճակին պարզապես չի տիրապետում:

Որ տարբերակն էլ իրական լինի, Նաղիևին սպասում է նվազագույնը լռելյայն պաշտոնանկություն, իսկ Պետական անվտանգության ծառայությանը՝ վերակազմավորում:

Թեև բացառված չէ, որ ամեն ինչ սցենարագրել և ուղղորդում է հենց Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը, որպեսզի Ալիևի հանրային վարկանիշը բարձրանա, իսկ ընդդիմությունը՝ վերջնականապես սկսվի: