Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի վճռով չորսամսյա տնային կալանքի ենթարկված՝ Հեյդար և Իլյամ Ալիևների աշխատակազմի երկարամյա ղեկավար, 87-ամյա Ռամիզ Մեհթիևի նկատմամբ հարուցված քրեական գործերը, հավանաբար, դատարան չեն հասնի:
Այդ տարիքի մարդու հետ «ամեն վայրկյան կարող է սրտի կանգ կամ ուղեղի կաթված տեղի ունենալ»: Եվ դա կլինի բոլոր կողմերին բավարարող հանգուցալուծում, իշխանությունը կհայտարարի, որ «մեղադրանքն ապացուցված է, Մեհթիևի մահվան կապակցությամբ վարույթը դադարեցվում է»,- և գործը կմատնվի մոռացության: Կտուժեն, երևի, հարազատները՝ կորցնելով սեփականության և ֆինանսական միջոցների մի մասը, բայց Ալիևը նրանց հաստատ աղքատության չի մատնի:
Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին Մեհթիևը «հիպերտոնիկ կրիզ է ունեցել, նրա բնակարան են այցելել շտապօգնության բժիշկները»: Իշխանամետ haqqin.az-ը, մինչդեռ հերքում է այդ լուրերը՝ վկայակոչելով Բաքու քաղաքի առողջապահության գլխավոր վարչության պաշտոնական հաղորդագրությունը, որ Մեհթիևին «բժշկական օգնություն ցուցաբերելու կանչ չի գրանցվել»:
Մեհթիևի դուստրը՝ Քյամալան, որ Բաքվի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբինոի վարիչ է, գիտությունների դոկտոր, լրագրողներից մեկի հետ կարճ հեռախոսազրույցի ընթացքում հրաժարվել է որևէ հարցի պատասխանել:
Ադրբեջանի առավել հայտնի երկու ընդդիմադիր կուսակցությունների՝ «Մուսավաթի» և Ժողովրդական ճակատի առաջնորդներ Իսա Գամբարը և Ալի Քերիմլին Մեհթիևի դեմ քրեական վարույթը միանշանակորեն կապում են Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպման հետ:
Բայց եթե Գամբարը համարում է, որ դրանով Իլհամ Ալիևը «վերջնականապես հաղթահարում է Կրեմլից կախվածությունը և ընտրում զարգացման ինքնուրույն ճանապարհ«, Քերիմլին, ընդհակառակը, այն կարծիքին է, որ «Վլադիմիր Պուտինը ի դեմս Մեհիթիևի, Ալիևին է հանձնել Ադրբեջանում իր բոլոր ժամկետանց գործակալներին»:
Այդպես է, թե Մեհթիևը կալանքի է ենթարկվել բոլորովին այլ՝ Իլհամ Ալիևի քինախնդիր բնույթից բխող մոտիվացիայով, հազիվ թե պարզվի: Մամուլում տարածված՝ Մեհթիևի «հիպերտոնիկ կրիզի» մասին լուրերը, հավանաբար, հանրությանը նախապատրաստում են նրա «հանկարծամահության» պաշտոնական տեղեկատվությանը:
Ալիևը Մեհթիևին երբեք դատարան չի հասցնի: Դա կնշանակեր «կրակել սեփական ոտքին»:
Բաց մի թողեք
Պարզվում է, Ալիևը տագնապներ ունի
ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ապօրինի հարստացման ստվերը
Պուտինն ու Ալիևն անխնա բացահայտում են իրենց լրտեսներին