18/10/2025

Իրանական սերուցքի հիմքով կաթնամթերքի ռիսկերը առողջապահության մասով

Հայաստանի կաթնամթերքի շուկան վերջին ամիսներին բախվել է մտահոգիչ միտումի. Իրանից մեծ քանակությամբ սերուցք է ներմուծվում, որի ծագումն ու որակը հստակ վերահսկողության չեն ենթարկվում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ներմուծվող հումքը օգտագործվում է տարբեր կաթնամթերքի՝ կարագի, թթվասերի, պաղպաղակի եւ կաթնաշոռի արտադրության համար՝ «տեղական արտադրության» պիտակով։

Պետական եկամուտների կոմիտեն «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչեւ 2025 թ. օգոստոսի 1-ը Հայաստան է ներմուծվել շուրջ 1472 տոննա սերուցք, ընդհանուր 1.5 մլրդ դրամ արժողությամբ։

Միայն 2025 թ. առաջին 7 ամիսներին ներմուծվել է 823.5 տոննա, որի արժեքը գերազանցել է 1.68 մլրդ դրամը։

Ներմուծում իրականացրած ընկերությունների թվում են՝

«Պրոգրես Ս.Ս», «ՄԻԼԼԿԱԹ», «Դուստր Մարիաննա», «Ստեպպրոգրես», «Թամարա», «Միլք ափ պլյուս», «Խաք», «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ները։

Մասնագետների մտահոգությունը

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ առողջապահության նախարարությունը պարտավոր է արձագանքել, քանի որ հարցը միայն տնտեսական չէ, այլեւ առողջապահական։

Նրա խոսքով՝ առանց պատշաճ լաբորատոր վերահսկողության ներմուծվող սերուցքը կարող է առաջացնել մի շարք վտանգներ՝

• մանրէաբանական՝ սննդային թունավորումներ, աղիքային վարակներ,

• քիմիական՝ ալերգիկ ռեակցիաներ, լյարդի եւ երիկամների ախտահարումներ,

• ինչպես նաեւ սննդային արժեքի կորուստ, քանի որ սառեցված կամ վերամշակված հումքը կորցնում է սպիտակուցներն ու վիտամինները։

Պողոսյանը հիշեցնում է, որ Ռուսաստանում վերահսկիչ մարմինները արդեն սահմանափակել են իրանական կաթնամթերքի շրջանառությունը, իսկ Հայաստանում նման քայլեր դեռ չեն արվել»։