Բաքվի իշխանական մամուլը, ամենայն հավանականությամբ՝ Ալիևի աշխատակազմի ուղղորդմամբ, հետևողականորեն զարգացնում են նարատիվը, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևին և նրա գործակալական ցանցին «մատնել է Վլադիմիր Պուտինը»:
Հոկտեմբերի 17-ին Մեհթիևը պետության կողմից նշանակված փաստաբանի ներկայությամբ «ավելի քան յոթ ժամ հարցաքննվել է» Պետական անվտանգության ծառայության քննիչի կողմից: Ըստ տեղեկությունների, նա հարցաքննության է «ներկայացել ձեռնափայտով»:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են մի շարք անձանց անուններ, որ «առաջիկայում կարող են ձերբակալվել»: Նշվում են ԶՈՒ ԳՇ նախկին պետ Սադիկովի, նախկին գլխավոր դատախազ Գարալովի, ՆԳ նախկին նախարար, ԱԽ գործող քարտուղար Ուսուբովի, նախկին Ազգային անվտանգության նախարար Մահմուդովի անունները:
Այս ֆոնին չափազանց ուշագրավ տեղեկություն է ստացվել ՌԴ Ուլյանովսկ քաղաքից: Ըստ այդ, ՌԴ ԱԴԾ և Քննչական կոմիտեի Ուլյանովսկի մարզային կառույցների միջնորդությամբ Վլադիմիր Պուտինը կայացրել է տեղի «ադրբեջանական համայնքի ղեկավար» Իսլամ Հուսեյնովին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից զրկելու որոշում:
Բաքվի լրատվամիջոցների տեղեկություններով, Հուսեյնովն Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան երկու տասնամյակ առաջ: Ձեռնարկատիրական հաջող գործունեությանը զուգահեռ՝ նա նաև քաղաքական դերակատարություն է ունեցել, որոշ ժամանակահատվածում զբաղեցրել է Ուլյանովսկի նահանգապետի խորհրդականի պաշտոնը:
Ի՞նչ մեղադրանք Հուսեյնովին ներկայացվել կամ ո՞րն է ՌԴ քաղաքացիությունից նրան զրկելու իրավական հիմքը, այդ մասին առայժմ տեղեկություններ չկան: Հայտնի է, որ նույն ճակատագրին են արժանացել նաև Մոսկվա քաղաքի և մարզի «ադրբեջանական համայնքների ղեկավարները»:
Իշխանական minval-politica-ն Հուսեյնովի նկատմամբ որոշումը Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպման «ոգուն անհարիր» է գնահատում: Բայց եթե ճիշտ է, որ այդ «սրտալի երկխոսության» ընթացքում Պուտինը «մատնել է Ադրբեջանում իր հինգերորդ զորասյան ղեկավարին և նրա գործակալական ցանցը», ապա ո՞րն է երաշխիքը, որ Ալիևն էլ չի բացահայտել Ռուսաստանում իր «ազդեցության գործակալներին»:
Եթե Պուտինը և Ալիևը համաձայնության են եկել, որ «զգացմունքային լարվածության էջը փակված է», և հարաբերությունները վերագործարկվում են նոր մեկնակետից, ապա տրամաբանական է, որ Մոսկվան և Բաքուն փոխադարձաբար «մատնում են իրենց լրտեսներին»:
Բաց մի թողեք
Պարզվում է, Ալիևը տագնապներ ունի
ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ապօրինի հարստացման ստվերը
Թուրքիայում ի՞նչ լուծումներ կգտնվեն՝ բարդ է կանխատեսել