18/10/2025

Փաստաբանին գետնին են տապալում, իսկ Փարաքարի հանցագործներին քնքշությամբ ուղեկցում․ Նախկին փոխոստիկանապետ

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը կալանավորվեց 2 ամսով։ Երեւանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է կալանավորման միջնորդությունը։

Կոչուբաեւին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը բացահայտ ռեպրեսիվ ապարատի է վերածվել, եւ բանտերը լցրել են քաղաքական այլախոհներով, հոգեւորականներով, փաստաբաններով: Ընդ որում, 7 տարի է՝ երկրում համաներում չի հայտարարվել, եւ 30 տարվա ընթացքում երբեք Հայաստանում այսքան կալանավոր չի եղել: Նախկինում լիբերալ արժեքներ դավանող խմբագիրը բռնապետի է վերածվել:

«Հրապարակը» զրուցել է նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանի հետ:

– Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին խոսքի համար կալանավորեցին, ինչն աննախադեպ երեւույթ է մեր իրականության մեջ: Ի՞նչ եք կարծում` Կոչուբաեւի գրառումը, որի համար նրան 2 ամսով կալանավորեցին, հանցակազմ պարունակո՞ւմ է:

– Անկեղծ ասած` չգիտեմ, թե ովքեր են այս ամենից զարմանում, ես` ինքս, չեմ զարմանում ընդհանրապես, որովհետեւ խոսում ենք արդեն մի շատ տարածված երեւույթի մասին, սակայն ես կասեմ, որ սա ուղղակի խայտառակություն է: Խայտառակություն՝ նախ քրեաիրավական առումով, որովհետեւ Ալեքսանդր Կոչուբաեւի գրառումը եւ նրան մեղսագրվող արարքն իրար հետ ոչ մի աղերս չունեն: Եթե գրառման մեջ քննիչների, դատավորների անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չեն հրապարակվել, այնպիսի տեղեկություններ, որոնց միջոցով քննիչը, դատավորը կարող են նույնականացվել, եթե նրանց մասնավոր կյանքի մասին ոչինչ չի ասվել, որը կարող էր առաջացնել ամոթի, պարսավանքի զգացում, նշանակում է, որ այդ գրառումը պարզապես դատողություն է, որը վերաբերում է պետական ապարատի մի հատվածին, իսկ ապարատը չի կարող վիրավորանքի զգացում ունենալ: Կամ, ասենք, քննչական ապարատը չի կարող մասնավոր կյանքի գաղտնիություն ունենալ: Այնպես որ, այս կարգի մեղադրանքներից զարմանալ պետք չէ: Պետք է դիմանալ եւ կարողանալ սեփական իրավունքները պաշտպանել` ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաեւ՝ Եվրոպական կոնվենցիայի համաձայն: Սա քրեական հետապնդում չէ, գործ ունենք պատժիչ միջոցառման հետ: Ակամայից հիշեցի, թե Փարաքարում տեղի ունեցած դեպքերից հետո իրավապահներն ինչպիսի քնքշությամբ էին ուղեկցում ենթադրյալ իրավախախտներին: Ես, իհարկե, նման ուղեկցումների կողմնակից եմ եւ չեմ պնդում, որ ճիշտն ուժի կիրառումն է, սակայն եկեք համեմատենք Փարաքարի դեպքը եւ փաստաբան Կոչուբաեւի գրառումը: Միայն այս դրվագն արդեն շատ բաների մասին է խոսում: Փաստաբանական համայնքն այլեւս վտանգված է: Քրեական գործերով պաշտպանություններ իրականացնելն այլեւս վտանգավոր գործունեության տեսակ է համարվում մեզանում, հատկապես, եթե խոսքը քաղաքական երանգ ունեցող գործերի մասին է:

– Այն հոդվածը, որով մեղադրանք են առաջադրել փաստաբանին, կոնկրետ ո՞ր դեպքերում է հնարավոր կիրառել: Ինչի՞ մասին է այն:

– Օրինակ՝ այն դեպքում, երբ վարույթ իրականացնողին իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ փորձում են ճնշում գործադրել, սպառնալ նրան կամ նրա անձնական կյանքի մասին արատավորող տեղեկություններ հրապարակել: Այնպիսի մի բան, որ քննիչը կամ դատախազը չեն ցանկանա, որ հրապարակային քննարկման առարկա դառնա: Մենք՝ բոլորս էլ մարդիկ ենք եւ ունենք մեր կյանքում այնպիսի դրվագներ, որ չենք ցանկանա, որ հանրության սեփականությունը դառնա: Երբ ծառայողական քննություն իրականացնելու ժամանակ վարույթ իրականացնողին այնպիսի իրավիճակի մեջ են դնում, որ նա սկսում է ամաչել կամ ուղղակի վատ դրության մեջ հայտնվել, դա համարվում է քրեական հանցագործություն, ոտնձգություն, բայց Կոչուբաեւի գրառման մեջ չկա նման բան: Այո, գրառումը սուր էր, էթիկապես գուցե շատերի համար ընդունելի չէ, սակայն այնտեղ չկա հանցակազմ: Ես՝ ինքս, կողմնակից եմ զուսպ խոսույթի՝ ոչ միայն էթիկական տեսանկյունից, այլեւ սեփական անվտանգությունը ռիսկային չդարձնելու: Սակայն քրեական իրավունքի տեսանկյունից, նրա գրառման մեջ չկա հանցակազմ: Ինչ վերաբերում է էթիկական հարցերին, դա էլ Փաստաբանների պալատի քննարկման հարցն է: Պալատն ինքը պետք է գնահատական տա նման դեպքերում, բայց մի բան է խոսքի համար անձին պատասխանատվության ենթարկելը, մի այլ բան է քրեական հետապնդման ենթարկելն ու կալանավորելը: Վատ է, որ Հայաստանի Հանրապետությունում հատեցինք նաեւ այս կարմիր գիծը: Սա նշան է այն բանի, որ իրավապահ համակարգն ավելի վատ վիճակում է հայտնվելու: Այս իրավիճակը ո՛չ իրավապահների համար է օգտակար, ո՛չ իշխանության, ո՛չ էլ պետության, միայն վնասում է բոլորին:

– Երբ իրավապահ համակարգը ռեպրեսիվ գործիքի է վերածվում, դա ի՞նչ վտանգներ է պարունակում:

– Կորում է պետության նկատմամբ հավատը` բացի այն, որ մարդիկ զրկանքների են ենթարկվում, ընտանիքներ են կործանվում ու խորտակվում: Հասարակությունը սկսում է ֆորմալ մեխանիզմներին չհավատալ: Սա բերում է կոռուպցիայի կատարելագործման, հանցածին վարքագծի ավելացման: Պետության նկատմամբ հավատի պակասն ուժեղացնում է քաոսը, վենդետան, հասարակական բախումները, արդյունքում մեծանում են բռնության դեպքերի թվերը, կոնֆլիկտների լուծման էֆեկտիվ ձեւը դառնում է բռնությունը….

– «Օգտագործված պահպանակը դեն են նետում միշտ»․ այս խոսքն իրավապահները որպես տեղեկատվություն են ընկալել եւ փորձում են դրա հեղինակին գտնել: Իսկ նման խոսք ասվում է ֆիլմերում, գրքերում, առօրյայում: Փաստորեն, իրավապահներն անգամ առած-ասացվածքներին չեն տիրապետում:

– Կոչուբաեւի տողերի մեջ հանցակազմ փնտրելուց թող հեռու մնան: Դա անիմաստ զբաղմունք է, այնտեղ չեն կարող գտնել հանցակազմի հատկանիշներ: Ընդամենը խոսք է, որը պաշտպանված է Կենվենցիայի 10-րդ հոդվածով: Նույնիսկ հայհոյանքն է նույն հոդվածով պաշտպանվում, եթե անհասցե է: Եթե համացանցն ուսումնասիրենք, ապա այնքան շատ հայհոյախառն գրառումներ կգտնենք, որոնք Կոչուբաեւի գրառմանը գերազանցում են հազարապատիկ անգամ:

– Այո, հենց Նիկոլ Փաշինյանն ու իր կինը նման տեքստեր են հրապարակել իրենց էջերում:

– Հայաստանյան սոցիալական միջավայրում այն այլեւս թույլատրելի վարքագիծ է հանդիսանում: Նորմատիվ է դարձել, ընդունելի վարքագիծ: Այս ամենի մեջ քրեական հանցանք ման գալն անիմաստ է նույնիսկ:

– Առաջներում հիշո՞ւմ եք նման դեպք, երբ փաստաբանին կալանավորեին` խոսքի համար:

– Ենթադրում եմ, որ նման հետապնդումներ եղել են, սակայն քողարկված այլ հոդվածներով: Այսպես բացահայտ չի եղել նման դեպք, որ խոսքի կոնտենտը դարձնեն մեղադրանքի հիմք, արդյունքում՝ անհամաչափ ուժի կիրառմամբ փաստաբանին տանեն բաժին։ Սա աննախադեպ երեւույթ է: