19/10/2025

Ալիևին որքանո՞վ կհաջողվի ամեն ինչ պահել կառավարելիության ռեժիմում

«Շարմ էլ Շեյխի «Խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում կայացել է Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական առանձնազրույցը:

Թրամփ- Ողջույն, բարեկամս, ինչպե՞ս են ձեզ մոտ մարդիկ ապրում:

Ալիև-Հոյակապ: Իմ աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևը, նախկին օգնական Հասանովը, նախկին նախարար Մամեդովը դոլարային միլիարդատեր են: Ի դեպ, նորերն էլ նրանց ոչնչով չեն զիջում:

Թրամփ- Ես դա վաղուց գիտեմ, Բաքվից մեր դեսպանատունն էլ աստծո ամեն օր նոր տեղեկություններ է տալիս, ինձ շարքային մարդկանց կյանքն է հետաքրքրում:

Ալիև- Իսկ ես հետաքրքրվո՞ւմ եմ Ամերիկայի անտուն սևամորթներով»:

Այս իրոնիայի հեղինակն ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան, «Արևել-Արևմուտք» ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր Արաստուն Օրուջլուն է, որ թարգմանաբար ներկայացրինք նրա ֆեյսբուքյան էջից:

Օրուջլուն մասնագիտությամբ բժիշկ է, բայց Էլչիբեյի նախագահության շրջանում ծառայության է անցել Ազգային անվտանգության նախարարությունում, որտեղից հեռացվել է, երբ Հեյդար Ալիևը վերադարձել է իշխանության:

Այնուհետև նա կրկին անցել է մասնագիտական աշխատանքի, ապա հինգ տարի՝ 2006-2011 թվականներին, գլխավորել Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի ադրբեջանական ներկայացուցչությունը:

2013-ի նախագահական ընտրություններում Օրուջլուն թեկնածու է առաջադրվել, գրանցվել, բայց մրցապայքարին չի մասնակցել: Հիմնադրել և գլխավորում է քաղաքագիտական վերլուծությունների «Արևելք-Արևմուտք» կենտրոնը:

Որպես վերլուծաբան Օրուջլուն արտաքին և ներքին քաղաքականության հարցերի շուրջ պաշտոնական նարատիվներին համադրվող տեսակետ երբեք չի արտահայտել:

Ֆեյսբուքյան նրա «պամֆլետն», անկասկած, արձագանք է Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի կալանավորմանը: Օրուջլուն բացահայտ հասկացնում է, որ քաղաքական նախկին վերնախավում Մեհթիևը բացառություն չէր, ոչ էլ օրվա իշխանություն է «կույս»:

Ձևավորվո՞ւմ է հանրային նման խոսույթ: Պետք է ենթադրել, որ՝ այո: Մեհթիևի կալանավորումն այնքան աղմկոտ է, որպեսզի հասրակությունը չլռի և բարձրացնի առհասարակ կոռուպցիայի, իշխանության ուզուրպացիայի, քաղաքացիական և քաղաքական իրավունքների բռնաճնշման հետ կապված բազմաթիվ հարցեր: Խնդիր է, թե Ալիևին որքանո՞վ կհաջողվի ամեն ինչ պահել կառավարելիության ռեժիմում: