19/10/2025

Ադրբեջանում հեղաշրջման վտանգ կա, նոր կալանավորումներ կլինեն

Ադրբեջանցի քաղաքագետ Ռովշան Իբրահիմովը կարծում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևի կալանավորմանը կհաջորդի նորերը։ Նա այս մասին ասել է «Մինվալ»-ին՝ մեկնաբանելով Մեհտիևի շուրջ վերջին իրադարձությունները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը չորս ամսվա տնային կալանք է նշանակել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի համար, որը մեղադրվում է հատկապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Քննիչների տվյալներով՝ 87-ամյա Մեհտիևը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278-րդ (իշխանության բռնի զավթում կամ պահպանում), 274-րդ (պետական ​​դավաճանություն) և 193-րդ (կեղծ ձեռնարկատիրություն) հոդվածներով։

«Ենթադրում եմ, որ կալանավորումները կշարունակվեն: Ես դա սպասում եմ, քանի որ բազմիցս նշվել է, որ սա հեղաշրջման փորձ էր: Ակնհայտ է, որ նման բաներ հնարավոր չէ միայնակ իրականացնել: Անշուշտ, կար կողմնակիցների թիմ և այլք, որոնք պատրաստ էին աջակցել այս արշավին։

Մենք, հավանաբար, շուտով կլսենք ավելի շատ անուններ և նրանց ձերբակալությունների մասին հաղորդագրություններ», – հավելել է Իբրահիմովը։

Խոսելով նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի դեմ բարձրաձայնված գործի մասին՝ փորձագետը նշել է, որ «սա միայն ամրապնդում է երկրի անվտանգությունը և համախմբում հասարակությունը»։

«Ես հասկանում եմ, որ սա նաև դրական ազդեցություն կունենա երկրի ղեկավարության և նախագահի կերպարի վրա։ Շատերը գիտակցեցին, թե որքան կործանարար էր Մեհտիևի գործունեությունը Ադրբեջանի համար։ Նրա կալանավորումը ննկալվում է որպես արդարադատության խորհրդանիշ, և կարևոր չէ, թե երբ, միայն թե արդարությունը գերակշռի», – ընդգծել է Բաքվի ռեժիմի սազանդար քաղաքագետը։

Ընդդիմադիր շրջանակներն, ընդհակառակը, տարակուսած են Մեհտևի կալանավորումից ու նրան առաջադրված մեղադրանքներից՝ նշելով, որ այսկերպ Ալիևն ի ցույց է դնում սեփական վախերը՝ իշխանությունը կորցնելու առումով: