Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով գտնվում է Սուրբ աթոռում: Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը «սուրբ Պետրոս հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց հայ այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որ տեղի կունենա Հռոմի Լեոն 14-րդի հանդիսապետությամբ»:
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Կաթոիլի եկեղեցու հովվապետի հետ, կհանդիպի Վատիկանի պետական քարտուղար Պիետրո Պարոլինին:
Հայաստանի վարչապետի Վատիկան այցը տեղի է ունենում մի փուլում, երբ հայտնի է դարձել, որ Կաթոիլիկ եկեղեցու հովվապետը պետք է անձամբ հանդիսապետի Նիկիայի Տիեզերական ժողովի 1700-ամյակին նվիրված արարողությունը, որ կազմակերպվում է Թուրքիայի նախագահի հրավերով:
Չափազանց ուշագրավ է, որ նախորդ օրերին Վատիկան է այցելել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Սուրբ աթոռում նրան ընդունել են որպես Ադրբեջանի առաջին փոխնախագահի: Մեհրիբան Ալիևան հանդիպում է ունեցել Հռոմի պապի և Վատիկանի պետական քարտուղար Պարոլինիի հետ: Այդ ընթացքում Վատիկանում պաշտոնապես բացվել է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություն:
Վատիկան այցից մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի պատվիրակ Շահան արքեպիսկոպոսին: Անզեն աչքով անգամ դիտարկելի է, որ Մեհրիբան Ալիևայի Վատիկան այցի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի պատվիրակի Երևն և Հայաստանի վարչապետի Հռոմ ուղևորության միջև քաղաքական առնչություն կա:
Ավելի վաղ տեսակետ էինք հայտնել, որ Նիկիայի Տիեզերական ժողովի 1700-ամյակի առթիվ Կաթոլիկ եկեղեցու հովվապետի Թուրքիա այցը կարող է միջկրոնական և քաղաքակրթական համերաշխության ազդակ հանդիսդանալ:
Դա, անշուշտ, առաջին հերթին կբարձրացնի Թուրքիայի միջազգային վարկանիշը: Բայց եթե Հռոմի պապին հաջողվի նոյեմբերին կայանալիք այդ միջոցառմանը ներգրավել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, ապա Նիկիայի Տիեզերական ժողովի հոբելյանի հանդիսապետությունը կընկլավի նաև որպես հայ-թուրքական պատմական հաշտեցման խորհրդանշական ուղերձ:
Անշուշտ, վաղաժամ կանխատեսումն անշնորհակալ գործ է, ոչ ոք չի կարող երաշխավորել Նիկիայի Տիեզերական ժողովի հոբելյանի խաղաղար առաքելությունը, բայց որ Վատիկանը ներգրավվում է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական «պատմական հաշտության» գործընթացին, թերևս, առարկությունից դուրս է: Պետք է կարողանալ քաղաքական այդ «տրեկն» առավելագույնս օգտագործել ի շահ Հայաստանի:
Բաց մի թողեք
Ինչպես կարելի է լուծել Հայ առաքելական եկեղեցու շուրջ առաջացած թնջուկը
Ալիևը ստեղծում է կառավարելի քաոս, որ այդ պատճառաբանությամբ հայ-ադրբեջանական կարգավորումը ձգձգի
Ինչո՞ւ Սյունիքում ուժային հավասարակշռություն հաստատելու հրապարակային նպատակադրվածությամբ շրջանառվում է մի նախագիծ ․․․