19/10/2025

Արդար և օրինական ընտրություններ․ Ինչ է դա

Եվրոպական ժողովրդավարությունը՝ դրան գումարած գլոբալիզմը, աննախադեպ «զարգացում» է ապրում: Բրիտանական կայսրության մնացորդ Միացյալ Թագավորության ՆԳ նախարար կարող է նշանակվել պակիստանցի մահմեդական տիկին:

Հրապարակ թերթը գրել է․ Մայրաքաղաք Լոնդոնի քաղաքապետ ընտրվել, արդեն երրորդ թե չորրորդ անգամ, արու (կներեք՝ արական) սեռի նրա հայրենակիցը: Ու եթե վերջիններիս հայրենակիցները փողոցում իրենց պահեն այնպես, ինչպես կպահեին ջունգլիներում, ոստիկանը սովորաբար չտեսնելու է տալիս:

Իսկ երբ այդ վարքի դեմ սոցցանցում բողոքում է բնիկ անգլիացին՝ նրան սպառնում են քրեական օրենսգրքով: Ի դեպ, ջունգլիների առումով փոխաբերության հեղինակը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էր: 3 տարի առաջ Բրյուգգեում (Բելգիա) Եվրոպական դիվանագիտական ակադեմիայի բացման ժամանակ վերջինս ասել էր, որ «Եվրոպան այգի էր, իսկ մնացած աշխարհի մեծ մասը՝ ջունգլի, որը կարող է ներխուժել այգու մեջ»: Ինչն, իսկապես, արդեն տեղի էր ունեցել, և թե ինչու էր վերջինս օգտագործել «կարողանալ» բառը՝ չեմ կարող մեկնաբանել:

Լավ, անգլիացիների դարդը թողնելով իրենց՝ գանք հետխորհրդային հանրապետություններին: ԵՄ անդամ դառնալուն ձգտող Մոլդովայում, օրինակ, ավանդույթ է դարձել քվեատուփի մեջ տրցակներով քվեաթեթրիկներ լցոնելը՝ հատկապես արտասահմանյան ընտրատեղամասերում: Այդպես է Մայա Սանդուն անցյալ տարի վերընտրվել նախագահ, այդպես է նրա ղեկավարած կուսակցությունը երեք շաբաթ առաջ շահել խորհրդարանական ընտրությունները:

Ինչպես արդեն ներկայացրել եմ «Հրապարակ»-ի ընթերցողներին, իտալական Թուրին քաղաքի ընտրատեղամասում քվեարկության արդյունքում պաշտոնապես հայտարարվել էր 1806 ընտրողի մասնակցություն, իրականում 786-ն էր: Իրականի և երևութականի տարբերությունը, բնականաբար, հօգուտ իշխող կուսակցության էր:

Բայց քանի որ, ինչպես ասվեց, տիկին Սանդուն հոգով և մարմնով ձգտում է մաս կազմել եվրոպական «այգուն», ԵՄ-ի չինովնիկները լցոնումների մասին որևէ բան չեն «լսել»: Չեն «իմացել» նաև քվեարկությունից մեկ-երկու օր առաջ ընդդիմադիր կուսակցություններին ընտրություններին մասնակցելու արգելքի մասին:

Գալով Հայաստան՝ ասեմ, որ եթե ժողովրդավարական Արևմուտքի կողմից դա թույլատրվել է տիկին Սանդուին, ապա ինչո՞ւ չի կարող թույլատրվել պարոն Փաշինյանին: Ով Արցախը թշնամուն հանձնելու իր «խիզախ քայլով» նվաճեց եվրապաշտոնյաների փափուկ սրտերը: Եվ որպեսզի շարունակի պաշտոնավարելը՝ 2026-ի ընտրություններին նրան թույլ կտան օգտվելու այդ և այլ միջոցներից: Իսկ ինքը, բնականաբար, դրա կարիքը չափազանց շատ է զգում, քանի որ հատել է բոլոր կարմիր գծերը, այրել է իր պետության ժողովրդի՝ ապագային միտված բոլոր կամուրջները:

Նա ապրում է այսօրվա օրով, ինչն, ի դեպ, խորհուրդ է տրվում արևմտյան «քոուչ» (անգլ. coach – մարզիչ) հեղինակների բոլոր այն գրքերով, որ նա ընթերցել է: Որպես ասվածի հաստատում հիշեցնեմ ամերիկյան բլոգեր Մարկ Մենսոնի «Թքած ունենալու լուրջ արվեստը» աշխատության առումով վերջինիս վարքը: Հրապուրվելով վերնագրով՝ նա իր լայվերից մեկը նվիրեց դրան: Իսկ հետո ծանոթանալով բովանդակությանը և հասկանալով, որ հեղինակի ասելիքն ու իր պատկերացրածը բացարձակ չեն համապատասխանում միմյանց, մոռացավ գիրքն է, հեղինակին էլ:

Վերն ասվածը նշանակում է, որ նա հնարավոր և անհնար միջոցներով խախտելու է բոլոր օրենքներն ու կանոնները՝ որպեսզի պահպանի իշխանությունը: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ ինքը չի հանձնի իշխանությունը, եթե նույնիսկ «Քաղպայմանագիրը» չհաղթահարի անցողիկ շեմը: Ես, իհարկե, ծայրահեղացնում եմ, բայց դա անում եմ գիտակցորեն, որպեսզի ցույց տամ, թե ուր կարող է հասնել ինքը: Ինքը գիտակցում է, որ կորցնելով իշխանությունը՝ կորցնելու է ամեն ինչ: Իսկ Փաշինյանն այն անձը չէ, ով կհամաձայներ նման արդյունքին:

Խնդիրը նաև այն է, որ ժամանակին ինքը չօգտվեց իրեն ընձեռնված հնարավորությունից՝ իշխանությունը հանձնել ընդդիմությանը և լքել երկիրը: Ու բնական է, որ դա ևս աշխատելու է նրա դեմ: Այս ամենն ասում եմ ոչ թե նրա համար, որպեսզի ավելացնեմ նորմալ մարդկանց հուսահատությունը, այլ ընդդիմության ղեկավարներին նախազգուշացնեմ, որ պատրաստվեն պլան Բ-ին, Գ-ին, Դ-ին…

Որովհետև նրան հնարավոր չէ հաղթել արդար և օրինավոր ընտրություններով: Հատկապես, կրկնվեմ, այսքան արհավիրքներից հետո, որ վերջինս բերեց մեր ժողովրդի գլխին: Ուրեմն պետք է պատրաստ լինել չեզոքացնելու անօրինական բոլոր քայլերը՝ հույսը դնելով սեփական ժողովրդի վրա, քանի որ ընդդիմությանը չի աջակցելու ո՛չ Արևմուտքը և ո՛չ էլ հյուսիսային կողմը:

ՀԳ. Որպես ասվածի հավաստում նեջբերեմ փաստաբան Հայկ Ալումյանի գրառումը. «Ի վերջո, եկեք համեմատենք Կոչուբաևի գրառումը՝ քննիչների հասցեին, վարչապետի գրառումների հետ: Եթե Կոչուբաևին դրա համար քրեական պատասխանատվության են ենթարկում, ապա նույնը պետք է անեն նաեւ վարչապետի դեմ: Իսկ եթե վարչապետը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, ապա ոչ ոք չպետք է պատասխանատվության ենթարկվի: Օրենքը հավասար է բոլորի համար: Մենք այսօր տեսնում ենք բացահայտ ու բացարձակ, անգամ ցուցադրական անհավասարություն»: Պարզ չի՞, որ նման մթնոլորտ ստեղծած անձը հենց այնպես չի հանձնի իշխանությունը…