19/10/2025

Իշխանության վերընտրվելու ռեսուրսը սպառվել է

2026 թվականի ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի համար: Տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը նոր կառավարություն ձեւավորելու որեւէ շանս չպետք է ունենա՝ հաշվի առնելով այն սարսափելի պարտություններն ու կորուստները, որոնք մենք ունեցել ենք իր կառավարման տարիներին:

Աակայն սոցհարցումները տարօրինակ պատկեր են բացահայտում: ՔՊ-ի վարկանիշը տատանվում է 10-15 տոկոսի միջակայքում, սակայն այս պահին որեւէ այլ քաղաքական ուժ ավելի բարձր հեղինակություն չունի, եթե հաշվի չառնենք վերջերս հայտ ներկայացրած, եւ դեռեւս ձեւավորմոն փուլում գտնվող Սամվել Կարապետյանի թիմը:

Ո՞րն է այս անբնական պատկերի պատճառը:

Դրա համար գուցե պետք է հասկանալ, թե ինչ խավերից է բացկացած Հայաստանի հասարակությունը եւ դրանից ելնելով՝ որ խավն ի՞նչ պատկերացումներ ունի, որ տարածագոտում ի՞նչ առանձնահատկություն կա, ինչպիսի՞ գիտակցված ու չգիտակցված շահեր կան եւ այլն։

Մենք՝ բոլորս, Խորհրդային Միությունից ենք դուրս եկել, անգամ՝ նրանք, ովքեր ծնվել են կայսրության անկումից հետո, սակայն հիմնականում ապրում են այն տներում, օգտվում այն ենթակառուցվածքներից, որոնք այն ժամանակ են կառուցվել, դպրոցում անցնում են այն գրականությունը, որը ստեղծվել է հենց այդ ժամանակաշրջանում:

Կայսրությունում կար սոցիալական հավասարություն, պայմանական հարուստներն ու պայմանական աղքատները նույն դպրոցն էին հաճախում, մոտավորապես նույն աշխատավարձն էին ստանում եւ բուժվում նույն առողջապահական հիմնարկներում:

Խորհրդային Միության անկումը նոր հարաբերություններ բերեց, որտեղ կա սոցիալական անհավասարություն, կան իրական աղքատներ ու իրական հարուստներ, ինչը դեռեւս անբնական է դիտվում: Հարստությունը համարվում է անօրինականության ու կոռուպցիայի ծնունդ, ինչը երբեմն այդպես էլ կա, հատկապես իշխանություն ունեցողների առումով:

Այսինքն՝ արդեն ձեւավորվել են սոցիալական խավեր, որոնք միմյանց հետ սահմանափակ կոմունիկացիա ունեն, սոցիալական խնդիրներն ու առաջնահերթությունները տարբեր են, անգամ մշակութաբանական տարբերություններ կան։ 2018-ի իշխանափոխությունը հենց այս կարգախոսներով էր կայացել՝ թալանածը ետ բերել, իսկ թալանողներին՝ պատժել: Սա սոցիալական ատելության ու սոցիալական ռեւանշի խոսույթ էր:

Հիմա այդ խոսույթի իներցիան դեռեւս ուժեղ է՝ անկախ այն սարսափելի կորուստներից, որոնք ունեցել ենք այս իշխանության կառավարման տարիներին, ՔՊ-ին ձայն տվողների մի զգալի հատվածը հենց այդ հռետորաբանության ազդեցության տակ է գտնվում, որը դարձել է իշխանական քարոզչության հիմնական անկյունաքարը:

«Արդարություն» եւ «խաղաղություն». սրանք իշխանական քարոզչության «ալֆա»-ն եւ «օմեգա»-ն են, սակայն, այս քարոզչության ազդեցության տակ գտնվող մարդկանց քանակը սահմանափակ է՝ մոտ 25 տոկոս՝ ըստ հարցումների: Եթե իշխանության քարոզչությունը հասկանալի է, ապա ընդդիմադիր ուժերի քարոզչություն դեռեւս գոյություն չունի, չկան նաեւ «բանալի» բառեր ու կարգախոսներ, որոնք լայն զանգվածների համար կարող են համոզիչ լինել:

Դանիել Փանյան