Վատիկանում Հռոմի պապ Լեւոն XIV-ի հանդիսապետությամբ մեկնարկել է Հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու եւս 6 հոգու սրբադասման արարողությունը:
Արարողության բացումը վերապահված է գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին ու նրա ընտանիքին:
Մալոյանը Հայոց ցեղասպանության նահատակ է, նա երանելի է հռչակվել 2001 թվականի հոկտեմբերի 7-ին։
Մալոյանը սպանվել է 1915 թվականի հունիսին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: Վերջինիս սրբադասելու որոշումը կայացրել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Նրա որոշմամբ երեք երանելիներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը, համարվում են նահատակ և սրբադասված:
Հիշեցնենք՝ Վատիկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա կմասնակցի արարողությանը, որից հետո առանձին հանդիպում կունենա Հռոմի պապի հետ:
Արքեպիսկոպոս Իգնատիոսը եւ նշված 6 անձինք 2001-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից դասվել էին երանելիների շարքին: 2024-ին հայտարարվել էր, որ նրանք սրբադասվելու են:
Իգնատիոս (ավազանի անունը՝ Շուքրալլահ) Մալոյանը, Մելքոնի եւ Ֆարիդեի որդին, ծնվել է 1869 թ. Մարդինում (Օսմանյան կայսրություն): Աղբյուրների համաձայն՝ ծխական քահանան առաջինն է 14-ամյա տղայի մեջ քահանայական կոչման նշաններ նկատել, ուստի նրան ուղարկել է Զմմառի Ս. Տիրամոր վանք (ներկայիս Լիբանանի տարածքում)։
1896 թ. ավարտել է բարձրագույն կրթությունն ու հոգեւորական ձեռնադրվել Զմմառի վանքում եւ անդամագրվել տեղի միաբանությանը՝ վերցնելով Իգնատիոս անունը՝ Ս. Իգնատիոս Անտիոքացի նահատակի անունը։ 1897-1910 թթ. հայր Իգնատիոսը ծառայել է Եգիպտոսում որպես ծխատեր հոգեւորական։ 1911 թ. Հռոմում գումարված հայ կաթոլիկ եպիսկոպոսների սինոդը նրան ընտրել է Մարդինի եպիսկոպոս։
1915 թ. ապրիլի 30-ին թուրքական զինվորները շրջափակում են Մարդինի հայ կաթոլիկների առաջնորդի նստավայրն ու եկեղեցին՝ ամբաստանելով, որ վայրը զենքի թաքստոց է։ Մեկ ամիս անց՝ հունիսի 3-ին, թուրք զինվորները ձերբակալում են արքեպիսկոպոս Մալոյանին եւ հայ կաթոլիկ 27 նշանավոր անձանց, իսկ հաջորդ օրը՝ մնացած հոգեւորականներին ու բազմաթիվ հավատացյալների։
Դատավարության ընթացքում ոստիկանապետ Մամդուհ բեյը պահանջում է, որ արքեպիսկոպոսն իսլամ ընդունի, սակայն վերջինս հրաժարվում է ու հայտարարում, որ պատրաստ է դիմանալու ցանկացած չարչարանքի եւ նույնիսկ մահվան է պատրաստ, քանզի դա կլինի իր երջանկությունը։
Մամդուհ բեյն ատրճանակի կոթով հարվածում է նրա գլխին ու հրամայում բանտարկել։ Զինվորները շղթայում են արքեպիսկոպոսի ձեռքերն ու ոտքերը, ծեծի ու կտտանքների ենթարկում՝ հանելով ոտքի եղունգները։
Վկայված է, որ հունիսի 9-ին մայրն է այցելում նրան, իսկ արդեն հաջորդ օրը զինվորները հավաքում են Մարդինի 447 հայերի ու պահակախմբի հսկողությամբ տանում անապատ։
Գաղթի ճանապարհին Մամդուհ բեյը կրկին պահանջում է, որ արքեպիսկոպոս Իգնատիոսն իսլամ ընդունի, բայց նորից մերժում է ստանում, ինչից հետո գնդակահարում է Մալոյանին։
Ըստ վկայությունների՝ Իգնատիոս Մալոյանը նահատակվում է հունիսի 10/11-ին Տիգրանակերտից կիլոմետրեր հեռու՝ Կարաքյոփրուի կամրջի տակ։
Բաց մի թողեք
Վեհափառը հրավեր ստացել է, սակայն չի մեկնել Վատիկան․ Լուսանկար
Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և 6 մյուս Երանելիները սրբադասվեցին. Հռոմի պապը հաստատել է կոնդակները. Լուսանկար
Գրիգոր Տեր-Ղազարյանը կնոջ և երեխայի հետ Վատիկանի Սուրբ խորանին է մոտեցրել սրբագործվելիք ընծան. Լուսանկար