26/10/2025

Աստանայի կտրուկ շրջադարձը դեպի Բաքու կբարդացնի Մոսկվայի հետ հարաբերությունները

Ալիևը երկօրյա պետական այցով ժամանել է Ղազախստան: Ինչպես տեղեկագրում է tengrinews կիսապաշտոնական կայքը, Աստանայի միջազգային օդանավակայանում նրան անձամբ դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը:

Ըստ ծրագրի, Ալիևի պետական այցը կմեկնարկի Տոկաևի հետ դեմ առ դեմ բանակցություններով, այնուհետև նախագահները կվարեն Միջպետական բարձրագույն խորհրդի նիստը:

Ադրբեջանական մամուլը տեղեկություններ չի հայտնում, թե ովքեր են պետական այցի ընթացքում ուղեկցում Իլհամ Ալիևին: Ղազախստանցի քաղաքական մեկնաբան Զամիր Կարաժանովն ակնկալում է, որ կողմերը «կստորագրեն առևտրատնտեսական և կոմունիկոցիոն համագործակցության նոր համաձայնագրեր»:

Նրա գնահատմամբ, Ղազախստանը և Ադրբեջանը «կարող են դառնալ թուրքական աշխարհի լոկոմոտիվներ»: Կարաժանովը գտնում է, որ թուրքախոս պետությունների ընդհանուր 1,9 տրիլիոն ՀՆԱ-ի առկայության դեպքում նրանց միջև տարեկան 45 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությունը «ցավալիորեն շատ փոքր ցուցանիշ է»:

Ի՞նչ ծավալի ապրանքաշրջանառություն կարող են իրականացնել կոնկրետ Ղազախստանը և Ադրբեջանը, Կարաժանովը չի մանրամասնել: Նա գտնում է, որ Ղազախստանը պետք է «դիվերսիֆիկացնի նավթի արտահանման երթուղին և կողմնորոշվի դեպի Բաքու-Ջեյհան նավթամուղի հնարավորությունները»:

Բարդ է ասել, թե ի՞նչ պայմաանվորվածությունների կարող են հասնել Ղազախստանը և Ադրբեջանը, մանավանդ որ տարեկան մոտ 80 միլիոն տոննա ղազախստանյան նավթն արտահանվում է Ռուսաստանի տարածքով՝ Նովոռոսիյսկի թերմինալից: Աստանայի կտրուկ շրջադարձը դեպի Բաքու, անկասկած, կբարդացնի Մոսկվայի հետ հարաբերությունները:

Պետք է, երեւի, հաշվի առնել նաև հանգամանքը, որ Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետի հետաքննությունն իրականացնում է Ղազախստանի կառավարական հանձնաժողովը, որի եզրակացության վերջնաժամկետը լրանում է դեկտեմբերի 26-ին: Ալիևն, ամենայն հավանականությամբ, Աստանայում քննարկելու է նաև այդ հարցը, որ նրա համար սկզբունքային նշանակություն ունի:

Ի վերջո, Ալիևի Աստանա պետական այցը դիտարկելի է նաև այն կտրվածքով, որ, ինչպես ավելի վաղ անոնսավորել է Տոկաևը, մինչև տարեվերջ նա սպասում է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայ-ադրբեջանական բանակցությունների մի փուլում Ղազախստանը կողմերի արտաքին գործերի նախարարների հանդիպման հարթակ է տրամադրել: